Логотип
Վաճառվում է իմ կատունռ -3էջ
- Պարոն դատավոր, դուք նարդի խաղու՞մ էք: Դատավորը անակնկալի գալով, պատասխանեց: - Այո՛, և ի՞նչ: - Ոչ մի բան, կարևորը դա էր ու ես իմացա, հիմա դաստեմ իմ փաստերը: Մանավանդը գրպանից հանեց մի ճմրթված թղթերի հաստ կապոց: - Ուրեմն, պարոն դատավոր, այս փաստաթղթերը, բոլորը միանշանակ վկայում են այն մասին, որ Մկոն իմ կատուն է: Ես գիտեմ, որ երբ մարդը կամավոր կերպով իր ստորագրությունը դնում է որևէ փաստաթղթի ներքո, անկախ նրանից, թե այդ փաստաթուղթը ով է կազմել, դա իրավական ուժ ունի, թեկուզ և որևէ իրավական օրգանի կողմից հաստատված չէ: Մանավանդը գոհունակ ու հարցական նայեց դատավորին: Դատավորը հեգնանքով դիմեց: - Շարունակեք, մենք ձեզ լսում ենք: - Ուրեմն, պարոն դատավոր, եթե դուք նարդի խաղալ գիտեք ու լավ զառեր եք բերում, լավ պետք է գիտենաք, թե այս փաստաթուղթը ի՛նչ հզուրություն ունի, ի՛նչ արտոնություններ ու իրավունքներ է տալիս մարդուն, որը միշտ հաղթում է, և գիտեք, թե ինչպիսի անբեկուն ուժ ունեն այս փաստաթղթերը: Դատավորը ընդհատեց Մանավանդի իրավագիտական ճառը: - Լսեք, մենք ձեր լուսաբանության կարիքը չունենք, եթե հիմա իսկույն չներկայացնեք ձեր այսպես կոչված փաստերը, ես ձեզ կզրկեմ ձայնի իրավունքից, հասկացա՞ք: - Այո՛: - Դե լսում ենք ձեզ, կարճ, կոնկրետ, ի՞նչ թղթեր են, ու՞մ են պատկանում: - Սրանք բոլորը կատվագրեր են, պարոն դատավոր, սրանց բոլորի մեջ սևով սպիտակի վրա գրաված է, որ Մկոն իմ կատուն է, բոլոր փաստաթղթերի ներքո կա Մկոյի ստորագրությունը, որով նա հաստատում է, որ ինքը իմ, Այքեզբանյան Մանավանդ Նամանավանդի կատուն է: Վերջացնելով իր ելույթը, Մանավանդը, հանդիսավոր կերպով, թղթերը դրեց դատավորի սեղանին: - Արագ աչք անցկացնելով թղթերը, դատավորը դիմեց Մանավանդին: - Եվ ի՞նչ, դուք այս խաղաթղթիկների հիման վրա ուզում եք հաստատել, որ Դեմսխաղչկայան Մկրտիչը կատու՞ է: - Այո՛, կարող եք իրեն հարցնել, ինքը ձեզ կասի, կատու է,՞ թէ՛ կատու չէ՛: Պարոն դատավոր, եթե դուք նարդի եք խաղում, ուրեմն դուք գիտեք, ախր ես ձեզ արդեն ասացի ղազի ու կատվի մասին, մենք ուղղակի ղազագրի փոխարեն կատվագրի վրա ենք խաղում: Պարոն դատավոր, վստահ եմ, որ դուք էլ նման փաստաթղթեր կունենաք, ղազագրեր, ձեր ղազերը ղազ չե՞ն: - Լսեք, Դուք ձեր ղազագրերը ձեր խաղընկեերներին ցուցադրեք, էստեղ դատարան է: - Այո պարաոն դատավոր, ղազագրերը ղազերի համար են և ղազագիր ստորագրողները իրենց պահում են ղազի պես, իսկ սրանք կատվագրեր են, իսկ դուք գիտեկ չէ՞ կատուն ինչպես է պահում իրեն, ո՞վ կարա կատվին իր կամքը թելադրի, նա որտեղ և երբ ուզենա կասի, որ ինքը կատու է, տվյալ դեպքում իմ կատուն է, էն ձեր ասած գործարար կատուն: Օրինակ, եթե դուք ղազագրեր ունեք, դրանք միայն ղազերի համար են իսկ... Դատավորը ընդհատեց Մանավանդին. - Ինչ եք ուզում ասած լինեք, ասելով, ղազագրերը ղազերի համար են: - Ո՛չ, ո՛չ պարոն դատավոր, ես արդեն ասել եմ, դուք ղազ չեք, ուզու՞մ եք հենց հիմա մի օյին խաղանք, վստահ եմ, որ դուք կհաղթեք, վեց զերո հաշվով կտանեք ինձ: - Լսեք Մանավանդ, վերջացրեք խեղկատակությունները, պատասխանեք հարցին: - Դե արդեն ասեցի էլի, պարոն դատավոր, մանրամասն ասեցի իմ կատվի ծակումնաբանութունը, համաձայն նարդու էվոլուցիոն գործունեությանը, դուք հո չե՞ք ժխտում, որ նարդին մարդու զարգացմանը նպաստող խաղ է: Ուղղակի նարդի խաղալուց մենք խաղում ենք կատվագրի վրա ու ես միշտ հաղթում եմ, բոլոր հաղթական վկայագրերը ներկայացրի ձեզ, ես մեղավո՞ր եմ, որ հաղթում եմ, գիտե՞ք ի՛նչ զառեր եմ բերում, ուզածս պահին դուշեշ, պետք է դհորտջհար, իքիբիր է պետք, հարց չկա, հենց առաջին գլորելուց գալիս է: Պարոն դատավոր դուք ո՞ր զարն էք շատ սիրում դուշե՞շ, թէ՞ դուբեշ: Դատավորը մի հոգնած հայածք նետելով Մանավանդի վրա, ասաց, -Նստեք առայժմս, մենք այս խաղին դեռ կվերադառնանք,- ու բարձրաձայն հրամայեց. - Հրավիրեք կատվին դատարան: Մկոն նորից կատվին հատուկ ճկունությամբ հայտնվեց ամբիոնի առջև: Նա ձեռքերին հագել էր սպիտակ ձեռնոցներ, ավելի ճիշտ, թաթմաններ, ու երկու ձեռքերը ցուցադրաբար, հանգի՜ստ ու փափուկ դրեց ամբիոնի վրա այնպես, որ բոլորը տեսնեին: Մկոն հագել էր սև կոստյում ու կապել էր մի բավականին լայն ու սպիտակ փողկապ: Նրա հագուստը, ձեռնոցներով հանդերձ, այնպես էին համապատասխանում նրա կատվային աչքերի ու կլոր դեմքի հետ, որ նույնիսկ ներկայանալ պետք չէր որպես կատու, դա ակնհայտ էր, նրա մազերը նույնիսկ կարծես մազեր չլինեիվ այլ սև կատվի մորթի: Նա նման էր մի սև կատվի, սպիտակ կրցքով ու սպիտակ թաթերով: Դատավորը նորից ոտից գլուխ նայելով Մկոյին, տվեց առաջին հարցը: - Պարոն Մկրտիչ, այս թղթերի վրա դուք ստորագրել եք, որ դուք կատու եք, դա այդպե՞ս է: - Պարոն դատավոր, այդ թղթերի մեջ նշված է, որ ես Մանավանդի կատուն եմ, իսկ ձեր համար, նարդին շարեք տեսնենք մեզանից ո՞վ է կատու: Դատավորը քմծիծաղով հարցրեց: - Իսկ Դուք գիտե՞ք, թե ինչպես են պատժում կատվին: - Այո՛, այնքան են տփում, որ կղկղի տակը, մի հատ էլ կղկղելու համար են տփում: - Ձեզ այստեղ ոչ ոք չի պատրաստվում, ինչպչես ասում եք, տփել, գոնե այն բանի համար, որ ձեզ բախտ չի վիճակվել լինել իսկական կատու: Եթե Դուք ձեզ ինքնակամ կերպով կատու եք անվանել, դա ձեր իրավունքն է և մենք ձեզ կանվանենք կատու, բայց դա չի նշանակում, որ Դուք ազատվում էք ձեր քաղաքացիական պարտականություններից, դա ձեզ պա՞րզ է: - Ո՛չ: - Դա արդեն ձեր անձնական խնդիրներն է, դատարանը ձեզ պարզաբանեց ձեր իրավունքները, որոնց հիման վրա Դուք կարող եք մասնակից լինել որևէ գործարքի ու համապատասխանաբար պատասախնտվություններ կրել: Պատասխանեք հետևյալ հարցին: Այքեզբանյան Մանավանդի հետ դուք ունե՞ք պայմանագիր համացանցում կատարված գործարքի վերաբերյալ: - Այո՛: - Եվ ինչու՞ Դուք մինչև հիմա հարկ չեք վճարել: - Փողը բաժանել եմ կատուներին, բայց արդարության համար ասեմ, որ բոլորից շատ կյաժին եմ տվել: - Հիմա էլ կյա՞ժը, ո՞վ է էդ կյաժը: - Սովորական կյաժ կատու է, պարոն դատավոր, էլ ո՞վ պիտի լինի: - Ես ձեզ երկուսիդ էլ բանտ կնստացնեմ, դատարանը ծաղրելու համար: - Ինչու՞ պարոն դատավոր, ես ճիշտ եմ ասում, չնայած են չալոին էլ մի քիչ շատ տվեցի, շատ էր նվնվում, ասում էր կրիզիս է, բուրդս լռիվ թափել է, ուզում էր սանատորյա գնալ, բայց փախավ, ելավ գարաժի կրիշը: Ինձ չեք հավատում՝ իրեն հարցրեք, պարոն դատավոր... - Վերջացրե՛ք: Ես ձեզ նման կատուների հետ խոսել չգիտեմ, եթե կատվին եք տվել, հենց հիմա կանչեք, թող պատասխան տա ու մենք տեսնենք, թե ինչպես եք Դուք կատուների հետ համագործակցում: - Ես արդեն իրենց ասել եմ էդ մասին, պարոն դատավոր, հատկապես կյաժին, հենց որ հարկ վճարելու անուն իմացավ, փախավ ելավ գարաժի կրիշը, ես հիմա նրանից ինչպե՞ս փող վերցնեմ: - Ինչպես որ բաժանել եք, այնպես էլ վերցրեք, եթե դուք կատուներին փող եք բաժանում, ապա պետք է հասկանայիք, որ այդ փողերը երկնքից չեն թափվում ու հարկավոր է հարկ վճարել: - Ասել եմ, պարոն դատավոր, դա էլ եմ ասել, հենց ձեր ասածը, բառացիօրեն են կյաժին ասեցի, մլավում, այսինքն ասում է, թե ես ինչու՞ պիտի հարկ վճարեմ, երբ ո՛չ ընտրությունների եմ մասնակցում, ո՛չ սոցիալական բարիքներից եմ օգտվում: - Վա՛, ձեր կատուները ուզում են ընտրությունների՞ մասնակցեն, գուցե և կատուների կուսակցությու՞ն են կազմել: - Իսկ ինչու՞ ո՛չ, պարոն դատավոր, կուսակցություն կա, կազմել են, կարգին լիդեր չունեն, նվնվում են, թե մի հատ օրենքից հասկացող կատու է պետք, որ իրենց առաջնորդի: Իմիջիայլոց, եթե ցանկանում եք, պարոն դատավոր, ձեր թեքնածությունը կարող եմ առաջարկել: - Պարո՛ն, Դուք չափն անցնում եք, ես ստիպված կլինեմ ձեզ տուգանքի ենթարկել, դատարանը անարգելու համար: - Ես ի՛նչ անեմ, պարոն դատավոր, կատուն ինչ որ ասել է, ես էլ ձեզ եմ ասում: - Դե բավական է, պարոն փիսո, դուք արդեն չափը անցաք: Դուրս տարեք այս խեղկատակին դատարանից: Ոստիկանը բռնեց Մկոյի թևից ու դուրս տարավ դահլիճից: Մանավանդը գլուխը վեր էր բարձրացրել ու նայում էր առաստաղին, նրա նեղ ու նիհար դեմքի վրա մեծ քիթը ասես մի հսկայական հարցական նշան, ցցվել էր օդում ու երևում էր հետևի նստածներին: Ո՛չ, նա իր հայացքը վեր չէր ուղղել աստծուց արդարություն պահանջելու համար, նա ջութակահար էր, նա պաշտում էր Նիկոլո Պագանինիին ու աստծու հետ ուներ նույն հարցերը՝ ի՛նչ որ իր կուռքը: Նա զարմացած էր, նա զարմանում էր, որ մարդիկ երբևէ իրենք էին մեղադրում Պագանիննիին կատվի հետ պայման կնքելու մեջ, իսկ այսօր նույն մարդիկ ծիծաղում են, չեն հավատում, որ կատվի հետ կարելի է պայմանավորվել: Նա մտածում էր, եթե ամեն ինչ կրկնվում է, ուրեմն կգա մի ժամանակ, երբ իրեն կարդարացնեն ու կմեղադրեն կարգերին, որ չեն հավատում, որ կատվի հետ կարելի է պայման կնքել, և ի՞նչ տարբերություն: Թերևս նա հասկանում էր, որ մի կողմից դա լավ է, քանզի եթե հիմա լինեին այն ժամանակվա բարքերը, եկեղեցին նրան խարույկի վրա կայրեր, ուստի բավարարվում էր միայն զարմանքով, առանց որևէ պահանջի, մի անտարբեր ու անպահանջ զարմանք էր թառել նրա ոսկրոտ դեմքի վրա, իսկ խոր աչքերը ապահով կերպով քողարկել էին նրա ծիծաղը: Դատավորը նորից դիմեց Մանավանդին: - Պարոն Այքեզբանյան, քանի որ դրամական միջոցները բանկից դուք եք ստացել, պատասխանարվությունը դուք էք կրում: Դուք մեղադրվում եք անօրեն գործարք իրականացնելու մեջ, ձեզ պա՞րզ է մեղադրանքը: - Պարոն դտավոր, ես հայտարարություն ունեմ անելու: - Խնդրեմ: - Ես քիչ առաջ խոսել եմ կատվի հետ, նա պատրաստ է խոստովանությամբ հանդես գալ: - Շատ բարի, հետ կանչեք այդ կատվին դատարան: Մկոն նորից կատվին հատուկ ճկունությամբ հայտնվեց ամբիոնի մոտ: - Դուք ուզում էք խոստովանութու՞ն անել: - Այո՛, պարոն դատավոր, ես իրոք, որոշ բաներ կուզենայի բարձրաձայնել այս դահլիճում: - Խնդրե՛մ: - Ես, որպես կատու, պատկանում եմ առյուծների ցեղին, և ինչպես տեսնում եք, մնացած կատուներից շատ մեծ եմ, ճիշտ է, առյուծի չափ չեմ, բայց էդքան էլ փոքր չեմ: Դուք լավ գիտեք, թե մի առյուծ պահելը ի՛նչ ծախսերի հետ է կապված, իսկ ես պետությունից որպես առյուծ, որևէ օգնություն չեմ ստանում: Եթե ջունգլիներում ապրեի, ես իմ մասին կհոգայի, բայց ապրում եմ պետության մեջ և գտնվում եմ բացարձակ անօգնական վիճակում: Ես ինչո՞վ եմ պակաս որևէ օլիգարխի առյուծից, որին նա օրական այնքան միս է տալիս, որ կարելի է մի մանկապարտեզ կերակրել: Դուք գիտե՞ք առյուծը օրական ինչքան միս է ուտում: Այդ առյուծը հարկ վճարու՞մ է: - Առյուծի տերն է վճարում: - Ավելացրեց դատավորը հեգնանքով: - Դե թող իմ տերն էլ վճարի, ես դեմ չեմ: - Ձեր տերը Դուք եք: - Չէ՛, պարոն դատավոր, ես անտեր եմ, ես մի անտեր կատու եմ, գուցե իմ տերը էս երկրի նախագա՞ն է, իհարկե, եթե կատուների հետ պրոբլեմներ չունի, թող նախագան էլ վճարի էդ հարկերը, դեմ չեմ լինի, որ մի հատ գրանտ էլ ինձ նշանակի, որպես ազատության սիմվոլ, չէ՞ որ նա միշտ ազատությունից է խոսում: - Բավական է փիլիսոփայեք, Դուք հարկ վճարելու՞ եք, թե՞ ոչ: - Ո՛չ: Դատավորը ցուցադրական համբերությամբ շրջվեց դեպի Մանավանդին: - Սա՞ էր նրա հայտարարությունը: - Ո՛չ պարոն դատավոր, ես էս կատվի մասին չէի ասում, խոսքս են աներես կյաժի մասին էր: Դատավորը արդեն չթաքցնելով իր զայրույթը, կանգնեց ու խրոխտ ձայնով հայտարարեց: - Ես տեսնում եմ, դուք շատ կազմակերպված ձևով, որոշել եք ձիծաղի առարկա դարձնել դատարանը: Հաշվի առնելով ձեր ո՛չ ադեկվատ պահվածքը, դատարանը որոշեց: -Նախքան վերջնական վճիռ կայացնելը, ստուգել ամբաստանյալի հոգեկան վիճակը, պարզելու համար, նա մեղսունա՞կ է, թե ո՛չ: Դատը հետաձգվում է երկու օրով, այդ ժամանակընթացքում մեղադրյալները կանցնեն բժշկական ստուգում: - Ոտքի, դտարանը գնում է: Հայտարարեց քարտուղարուհին ու աչքով արեց Մանավանդին: Այդ պահին Մանավանդը պատրաստ էր հարյուր անգամ տարվել նարդի խաղալուց և ունենար գոնե մի կատվագիր, որի համաձայն նա կարող էր մլավել իր զգացմունքները այդ գեղեցկուհու հանդեպ: Հոգեբուժարանում Հոգեբուժը կատու չէր սիրում, հատկապես կյաժերին, և դրա համար նա ուներ լուրջ պատճառ: Հարևանի կյաժ կատուն ներս էր մտել նրա պատուհանից տուն ու խժռել էր հոգեբուժի արջամկանը: Նա, լինելով հոգեբուժ, չէր կարողանում իր մեջ հաղթահարել այդ կորուստը և երբ հանկարծ խոսքը գնում էր կատվի մասին, նա միշտ ասում էր. հետաքրքիր է, դրանք ո՞նց են վանդակի դուռը բացում: Իսկ երբեմն նա այդ մասին ասում էր խոսակցության այնպիսի պահին, որ ո՛չ մի կապ չկար կատվի վանդակը բացելու ունակության հետ: Մանավանդը հանգիստ ու վստահ քայլերով մտավ հոգեբուժի առանձնասենյակը: Հոգեբուժը, որ սպասում էր նրան, հարցրեց. Կատուն դու՞ք էք: - Նարդին շարի, ես քեզ կասեմ թե մեզանից ո՛վ է կատու: - Բայց դրանք ինչպե՞ս են վանդակները բացում: - Իսկ գիտե՛ք ինչքան ագահ են: - Այո գիտեմ, կատուն կշտանալու հատկություն չունի, դա կապված է նրա ֆիզիոլոգիաի հետ, նա միշտ սոված է: - Իսկ գիտե՞ք ինչպիսի կապեր ունեն բանկերի հետ, հարգելի բժիշկ, փող է, որ թռցնում ու տանում են: Խնդրեմ, մեր փողերն էլ թռցրել, ելել է գարաժի կրիշը ու վար չի իջնում: - Դուք քանի՞ տարեկան էք: - Դրանից էլ պիտի հարկ վճարե՞մ, աչքի՛ս վրա, եթե ուզում եք ինձ ջահելացնեք, մի քսան տարի կտամ, մենակ չխաբեք: - Հոգեպե՞ս թե՞ ֆիզիկապես եք ուզում ջահելանալ: - Ֆիզիկապե՜ս, հոգեպեսը միշտ էլ կա, ի՞նչ է եղե՞լ որ: - Լավ, եթե ձեր հոգին տեղն է ու ո՛չ մեկին չեք ուզում տալ, ուրեմն Դուք... - Վա՛յ, այ մարդ, ինչպե՞ս թե ո՛չ մեկին չեք ուզում տալ, հոգիս որ տամ, էլ ինչի՞ս է պետք ձեր մնացած ծառայությունները: Լսի դու հոգեբուժ ե՞ս, թե՞ հոգեառ: - Ո՛չ, ո՛չ, դուք ինձ ճիշտ չհասկացաք, ես ուզում էի ասել, որ եթե ձեր հոգեկանը վերականգնելու կարիք չկա, ուրեմն դուք առողջ եք ու մեղսունակ, դուք ազատ եք, հրավիրեք ձեր ընկերոջը: Հոգեբուժի սենյակ ցատկեց Մկոն ու կատվի ճկունությամբ սահելով, նստեց հոգեբուժի դիմաց: - Կատուն Դու՞ք եք: - Այու՜: - Պարզ է, դու լավ էլ վանդակ կբացես, քեզանից ամեն ինչ սպասելի է: - Մյա՛, չհասկացանք բժիշկ ջան, դատարանը դեռ ո՛չ մի որոշում չի կայացրել, իսկ Դուք արդեն վանդակից եք խոսում: Ա՛յ քեզ բան: - Այքեզբանյանը առողջ է, հիմա ձեր առողջական վիճակն ենք պարզում: Դուք նույնպես ինձ ճիշտ չհասկացաք, ուղղակի մի կյաժ կատու... - Վա՜յ ես էդ կյաժերի ինչն եմ ասել,մեր փողերն էլ դա տարավ: - Հասկանում եմ, ես ձեզ լռիվ հասկանում եմ, ինքս նույնպես տուժել եմ էդ կյաժից, այդ հարցում մենք համախոհներ ենք: Ես ձեզ շատ կուզենայի օգնել, դատից խուսափելու համար, բայց ավաղ տեսնում եմ, որ Դուք շատ առողջ դատողություն ունեք: Դուք շատ ճիշտ ու պարզ եք արտահայտվում կյաժերի մասին, բայց ես պետք է կատարեմ իմ պարտականությունները, Դուք ինձ հասկանու՞մ էք: - Այու՜ - Այդ դեպքում, պետք է գրեմ, որ դուք մեղսունակ եք: - Պարոն բժիշկ, լսեք ինչ եմ ասում: Բա են 300000 եվրո՞ն, որ տարավ էդ կյաժը, ո՞վ է հետ բերելու: - Բա իմ արջամու՜կը: Քիչ մնաց արտասվեր բժիշկը: - Ուրեմն տեսեք ի՛նչ եմ ասում: Գրեք, որ ես մեղսունակ չեմ ու ես էդ կյաժի հախիցը կգամ, գետնի տակից էլ լինի կգտնեմ, Դուք տեսա՞ք ես ի՛նչ ճարպիկ ու ճկուն եմ շարժվում: - Այո՛: - Ուրեմն մի կասկածեք, ես լավ գիտեմ կյաժին, ես նրա բոլոր թույլ կողմերը գիտեմ, համ ձեր արջամկան համար պատասխան կտա, համ էլ բոլոր հարկերը կվճարի, դուք ուզու՞մ եք էդ կյաժին պատժել: - Այո՛: - Դե գրեք, որ ես մեղսունակ չեմ: - Մի անհանգստացեք, ես իմ վճիռը կուղարկեմ դատարան: - Շատ լավ, իսկ ես հենց այսօր կսկսեմ բանակցությունները կատվի հետ: Հուսով եմ նա ձեր արջամուկը դեռ չի մարսել: - Իսկ դա ի՞նչ նշանակություն ունի: - Ինչպե՞ս թե, դուք չքիտեք թե կատվին ինչպես են պատժում: Կատվին էնքան են տփում մինչև կղկղի, հետո մի անգամ էլ կղկղելու համար են տփում: Իսկ եթե նա արդեն մարսել է ձեր արջամուկը, ապա դժվար թե առաջին քոթակը ուտելուց հետո կղկղի, մի անգամ քոթակ ուտելով պրծնելու է, իսկ ժամանակակից քաղաքականության մեջ այդպիսի սանկցիաները պետք է կատարել ճիշտ ժամանակին: - Ի՞նչ սանկցիաներ, չեմ հասկանում: - Դե ասեցի էլի, ես դատավորին էլ եմ ասել այդ մասին, նա լավ էլ հասկացավ ինչ եմ ասում: - Հուսով եմ ձեզ այդպես չեն պատժի: - Հա՛ - հա՜, ինձ չեն կարող այդպես պատժել: - Ինչու՜: - Որովհետև ես մի՛շտ սոված եմ: