Логотип
01.04.2010
Վաճառվում է իմ կատուն
Վաճառվում է իմ կատուն: Շատ կրթված ու համեստ կատու է: Օքսֆորդի համալսարանի ճաշարանի պահեստում բնակվող կատուների տոհմածառից է սերվում: Շատ պրագմատիկ ու քաջ կատու է, աշխարհի բոլոր մկները վախենում են իրենից, չնայած, որ ինքը շատ բարի է ու սովորաբար խաղում է ռետինից սարգած մկան հետ: Շատ մարդամոտ է և ինչպես բոլոր կատուները, այնպես էլ իմ կատուն, ԳՈ՛Ղ է: Ինչքան էլ «Վիսկաս» կամ «Կիտիկատ» ուտի, աչքը մի բանի վրա է, որ թռցնի: Բնականաբար, շատ ինքնակամ է ու ազատասեր, երբ նստում է ուսերիդ, երբ որ ուզում է, ու ասես թե ո՛չ մի տեղ էլ չի նստել, ու հայացքը անմեղորեն սևեռած ինչ որ կետի, ճանկերը կամա՜ց խրում է ուսերիդ մեջ, ու երբ դու ասում ես «չի կարելի», նա վար է թռչում քո ուսից, գնում է ու հյուրասենյակի հենց կենտրոնում միզում է: Բայց խոստացել է, որ այլևս նման արարք չի անի և իր կատվային շահերը կպաշտպանի ըստ կատվային իրավունքների, այսինքն, ո՛չ ոք չգիտի, թե հաջորդ անգամ որտեղ է միզելու: Շատ հետաքրքիր ու հնչեղ է մլավում, սոխակի նման դայլայլում է, կարծես թռչյունների դասին է պատկանում, մորթին էլ բմբուլի նման փափուկ է: Բայց ես իրեն չեմ վաճառում վերը նշված արժանիքների համար, վաճառվելը իր ցանկությունն է: Ես իրեն հարցրեցի, ուզու՞մ ես քեզ վաճառենք, նա ասեց. - Այու՜. Ուստի, ովքեր ցանկանում են գնել վիրտուալ կատու, կարող են սահմանել իրենց ցանկացած գինը, քանզի կատուն ինձ իր գինը չասեց : Դուք կարող եք կատվին տալ ձեր ցանկացած անունը՝ մեկնաբանության բաժնում: Օվքեր չեն ուզում գնել կատու, կարող են իրենց սահմանած գինը վճարելուց հետո գրել, որ իրենց այդպիսի կատու պետք չէ: Բոլոր դրամական միջոցները կփոխանցվեն կատվին: Կատուն վաճառվում է այստեղ. http://oqsvordikatu.blogspot.com. Այն երկրների բնակիչների համար, որտեղ մկներ չկան, կատուն անվճար է: Այսպիսի մի հայտարարություն էր տեղադրել Մանավանդը համացանցում: Կատակ էր արել, մևնույն ժամանակ շատ լուրջ, քանզի այդ կատակը հենվում էր մարդուս հոգեբանության վրա: Նա ստեղծել էր մի սրահ, որտեղ մի մատի շարժումով, յուրաքանչյուրը կարող էր իր փառքի փոքրիկ օլիմպիոսը ստեղծել ընդամենը մի բառ գրելով. Պետք է գներ իր վիրտուալ կատուն և նրան տար անուն, և իր կատվի անունը կիմանար ողջ աշխարհը: Էլ չեմ խոսում նրանց մասին, ովքեր կատվին կտային, ասենք, իր հարևանի անունը: Ամեն ինչ ստացվեց պատահական կերպով, հանկարծակի: Դա պատահեց, երբ Մանավանդը համակարգչի դեմ նստած ընթերցում էր, ու մի բավականին բովանդակալից կայքում դեմ առավ մի գովազդի՝ անշարժ գույքի վաճառքի մասին: Եվ այդ պահին կատուն թռավ ու նստեց իր սիրած տեղը, Մանավանդի ուսերին: Մանավանդը կատվին հարցրեց. - Լսիր , բա մենք ի՞նչ վաճառենք, փիսո ջան, բեր քեզ վաճառենք հա՞, ի՞նչ կարծիքի ես: Կատուն, որ հարմար նստել էր Մանավանդի ուսերին ու կարծես ականջից ինչ որ բան էր ուզում ասել, զգալով տիրոջ ուշադրությունը, լիզեց նրա այտը: - Համաձայն ես հա՞, լա՛վ, որ էդպես է, բեր մի հայտարարություն տանք համացանցում: Այսքան ժամանակ իմ ռեալ կատուն ես եղել, հիմա էլ վիրտուալ կատու եղիր ողջ մարդկության համար: Շուտով հայտարարությունը տեղադրված էր համացանցում: Մի քանի օր էր անցել այդ պահից, Մանավանդը ինչպես միշտ, նարդին պատրաստ դրել էր սեղանին ու սպասում էր Մկոյին, որ շուտով մի զգալի գարեջրի պաշարով «զինված» երկրորդ հարկից, ծանր քայլերով եկավ ու նստեց Մանավանդի դիմաց: Քանի, որ և՛ Մանավանդը, և՛ Մկոն գործազուրկ էին, օրվա աշխատանքային ժամերը անցակացնում էին նարդի խաղալով ու գարեջուր խմելով: Նրանք շատ արագ էին խաղում ու խմում էին առանց աչքերը կտելով միշտ գլորվող զարերից, իսկ գարեջրի սպիտակ փրփուրը մնում էր բաժակների մեջ՝ ինչպես նրանց զայրութի սիմվոլը բարքերի հանդեպ, անտեսված, ու բաժակի հատակին նստած փրփուրը չէր հասնում փչկել մինչև բաժակի նորից լցվելը: Կարծես թե այդպիսով, նրանք իրենց առհամարանքն էին արտահայտում իշխանություններին, որ հասուն ու ամուր տղամարդկանց զրկել էր մի կտոր հաց վաստակելու հնարավորությունից: Խաղն սկսվեց ու նարդու չխկրտոցը իր տեղն առավ այդ պատերի մեջ: Մանավանդը մի տեսակ անտարբեր էր գլորում իր զառերը, ու Մկոն դա նկատեց: - Էս քեզ ի՞նչ է պատահել, հավես չունե՞ս էսօր: - Հավեսիս ի՞նչ է եղել, մևնույն է կրելու եմ, ինչպես միշտ: - Ահա՛, էլի՛ սկսեցի՞ր: - Ո՛չ, ուղղակի շարունակում եմ: Ի'նչ է, ուզում ես, որ գրածդ... – Դուռը զանգահարեցին: Մանավանդը հյուրերի չէր սպասում ու դժկամությամբ խաղից կտրվելով, մոտեցավ ու բացեց դուռը: Մանավանդի դիմաց հայտնվեց միջին հասակի տղամարդ, կոկիկ հագնված և փողկապով ո,ւ առանց հապաղելու, դիմեց Մանավանդին. - Բարև ձեզ, Այքեզբանյան Մանավանդը այստե՞ղ է ապրում: - Այո՛: - Կարելի՞ է նրան տեսնել: - Այդ Ես եմ: - Ես եկել եմ ձեզ տեղեկացնելու ձեր պարտականությունների մասին: - Լսում եմ ձեզ, շատ հետաքրքիր է: - ասաց Մանավանդը ձեռքերը դնելով կոնքերին, ասես երկրորդ դասարանի երեխան իր ընկերոջը մարտահրավեր նետելուց հետո, ուզում էր իցույց դնել իր անվախությունը: - Դուք ձեր ստացած եկամուտից պարտավոր էք հարկ վճարել: - Ի՞նչ եկամուտ: - Դուք ինտերնետում վաճառքի հայտարարություն տվե՞լ եք: - Մանավանդը խորը շունչ քաշեց ու զարմացած քմծիծաղով պատասխանեց: - Այո՛, տվել եմ, և ի՞նչ: - Այդ գործարքից ստացված եկամուտից դուք պարտավոր եք հարկ վճարել: - Ա՛ռռը հա՛, իսկ ի՞նչ է, շա՞տ գումր է կուտակվել: - Իսկ դուք տեղյակ չե՞ք, թե ինչքան փող ունեք: - Ո՛չ այ մարդ, էդ մասին արդեն մոռացել էի... - Ձեր հաշվի վրա արդեն 300000 Э է կուտակվել, եթե տեղյակ չեք, ապա... Մանավանդը էլ չէր լսում հարկահանին, նրա աչքերը նարդու քարերի նման կլորացել էին, իսկ բիբերը թռվռում էին ինչպես զառերը, բայց առանձին - առանձին, ամեքը մի աչքում, կարծես նրա մեծ քիթն էր խանգառում, որ նրանք միավորվեին ու կանգնեին ամենամեծ նշանի, երկու վեցի վրա, ու թվում էր, թե նա հիմա կբղավի, դուշե՜շ: Մի պահ նա հիշեց, որ իր առաջ հարկահանն է կանգնած, Հավայան կղզիներում արևի տակ լոգանք ընդունելու երազանքը հետաձգեց, սթափվեց, ու իրեն հաշիվ տվեց, թե իր դիմաց ո՛վ է կանգնած: - Մի վայրկյան, պարոն հարկահան: Բայց ես ինչու՞ պիտի հարկ վճարեմ, եթե մարդիկ ուղղակի ինձ փող են ուղարկել: - Դա կոչվում է ինտերնետ մարկետինգ, դուք եկամուտ եք աստացել և պիտի հարկ վճարեք: - Ի՞նչ հարկ, դուք կարդացե՞լ եք, թե ես ի՛նչ եմ գրել հայտարաության մեջ: - Այո, կարդացել եմ, և գնել եմ ձեր կատուն, ու՞ր է, տվեք: - Նախ եթե դուք կարդացել եք, ուրեմն վիրտուալ կատու եք գնել, այնտեղ այդ կետը նշված է: Իսկ եթե ռեալ կատու եք ուզում, հարց չէ, մի շիշ գարեջուր ավելացրեք ձեր վճարածին ու լավ հաստ ձեռնոցներ հագեք, հիմա կատվին կբերեմ, գիտե՞ք ի՛նչ սուր ճանկեր ունի: - Դե լավ, լավ, կատակ արեցի, չեմ ուզում, վերադառնանք մեր խնդրին: Դուք պատրաստվու՞մ եք հարկ վճարել: - Այ մարդ, եթե կարդացել եք, ես ինչ եմ գրել, այնտեղ սևով սպիտակի վրա գրված է: Բոլոր փողերը կփոխանցվեն կատվին, ուզու՞մ եք կատվին կանչեմ, իր հետ ձեր հարցերը լուծեք: - Ձեռ ե՞ք առնում, ես ձեզ լուրջ բան եմ ասում: - Ո՛չ, ես էլ եմ լուրջ ասում, փող չկա՛, փողերը կատվին են պատկանում, ես կստանամ ու կտամ կատվին, կատուն ձեզ ինչքան որ պարտական է, իրենից ստացեք: - Այդ դեպքում կհանդիպենք դատարանում: - Շատ բարի: - Դուք էլ մնաք բարով, առայջմս: - Ցտեսություն: Կատվի դատը - Ո՛տքի, դատարանը գալիս է... Մանավանդը հրաժարվել էր դատապաշտպանից ու կատվազգիների ամենաուժեղ ներկայացուցչի, առյուծի, նման կանգնել էր դատարանի առջև: Ինչպես որ կարգն է պահանջում, դատը սկսվեց ամբաստանյալի անձը ճշտելով ու դատավորը դիմեց Մանավանդին: - Ձեր անուն ազգանուն հայրանունը. - Այքեզբանյան Մանավանդ Նամանավանդի: - Դահլիճից լսվեց մի ռեփլիկա. - Ա՛յ քեզ անուն ազգանուն: - Մանավանդը շրջվեց ձայնի ուղղությամբ ու պատասխանեց: - Բա որ կատվիս անուն ազգանունը իմանա: - Ի՞նչպե՜ս է: - Դեմսխաղչկայան Մկո: - Բա հայրանունը՞. - Վերջացրե՛ք խոսակցությունները: - Ընդհատեց դատավորը: Դատավոր – Պարոն Այքեզբանյան, դուք չե՞ք ժխտում, որ ինտերնետում տեղադրել եք գործարարական հայտարարություն և ստացել եք եկամուտ: - Մասամբ, պարոն դատավոր, մասամբ: - Այսի՛նքն, ի՞նչ եք ուզում աել, ասելով, մասա՛մբ: - Հայտարարությունը ես եմ տվել, բայց իդեան և ձեռնարկումը կատվինն էր, ուղղակի նա միայն կատուների լեզվով է կարողանում տպագրել, իսկ հայտարարությունը պետք էր տպել մարդկային լեզվով, և նրա խնդրանքով ես հայտարարությունը տպեցի ինտերնետում: Դատավորը հեգնանքով նայեց Մանավանդին, մի պահ լռեց, ապա կարծես խաղամոլ, որ տրվում է ազարտին, չկամենալով զիջել, փորձեց Մանավանդին ճզմել հենց իրեն իսկ զենքով: - Ուրեմն գործը ձեռնարկել է կատու՞ն: - Այո՛: - Իսկ ինչպե՞ս են դրամական միջոցները հայտնվել ձեր հաշվի վրա, որը դուք արդեն մինչև վերջին ցենտը ստացել եք: - Պարոն դատավոր, այդ հարցը իզուր եք ինձ տալիս, ես մեղավոր չեմ, որ կենդանիների պաշտպանները չեն կարողանում ամենատարրական իրավունքներն ապահովեն կատուների համար: Ասենք, որ կատուն իրավունք ունենա գնա ու բանկից ստանա իրեն փողերը: Ա՛յ, տեսեք, ամենաազատ երկրում, Ամերիկայում, Մայքլ Ջեքսոնը իր կապիկներին երեսուն միլլիոն է կտակել, ամերիկյան բանկերից հո կապիկները չե՛ն ստանում իրենց փողերը, իսկ ամերիկայի բանկերը շատ էլ լավ սպասարկում են կապիկներին, ինչու՞ ամերիկյան հարկահանները կապիկներից հարկ չեն պահանջում: - Դա նու՞յնպես կատուն ասեց: - Այո՛: - Ուրեմն դուք հաստատում եք, որ գործը ձեռնարկել է կատուն, դրամական միջոցները յուրացրել է կատուն, իսկ դուք ընդամենը կատարել եք կատվի կամքը, օգնել եք նրան: Չեզ այդպե՞ս հասկանաք: