Логотип
01.04.2010
Յապնջի

Նրա անունը Արամ էր, իսկ մականունը՝ Յափնջի: Ես չգիտեմ այս մականունը ինչ ծագում ունի ու այդպես էլ չկարողացա պարզել, թե ինչ առումով էին տղաները Արամին տվել այդպիսի մականուն, որի հետ նա արդեն հաշտվել էր առերես, ու եթե Արամ կանչելիս ուշադրություն չդարձներ, չլսեր, ապա երբ ասում էին Յափնջի, նա մեկ հարյուրերորդական վայրկյանի ընթացքում հասցնում էր ջղայնանալ, հաշտվել իրողության հետ,մի վատ քողարկված առհամարհանքով նոռմալ տեսք տալ դիմագծերին, ու շրջվել դեպի իրեն կանչողը: Ռուսական մի գյուղի մոտակայքում շինարարական բրիգադը մի շենք էր կառուցում, տղաները ժամանակ խնայելու համար գյուղ չէին գնում ճաշելու, գյուղի ծայրամասում մի տնակ էին վարձել, որտեղ տեղավորել էին բոլոր հարմարությունները ճաշարանի համար ու ճաշում էին այնտեղ: Ճաշարանը այնքան էլ մոտ չէր աշխատատեղին, բայց ավելի հարմար էր, քան թե գյուղ գնալը: Բրիգադը խոհարար չուներ և օրեկան տղաներից մեկը, ճաշից երկու ժամ առաջ, գալիս էր խոհանոց ու բոլորի համար ճաշ էր պատրաստում: Պրակտիկան ցույց էր տալիս, որ այդ խոհարարական գործում ավելի դժվարը ամանները լվանալն էր, քան թե ճաշ պատրաստելը, և այդ պատճառով էր, որ հերթապահ խոհարարը ճաշից երկու ժամ առաջ էր գալիս խոհանոց, այլապես մի ժամն էլ բավական էր, իսկ եթե հաշվի առնենք, որ ճաշը պատրաստում էին հիմնականում պոլուֆաբրիկատներից, ճաշ պատրաստելու համար կես ժամն էլ բավական էր: Այսպիսով, օրակեն մի աշխատող երկու ժամ չէր աշխատում, բացի դրանից բոլոր հերթապահները բողոքում էին ու դժկամությամբ էին լվանում ամանները, մեկ ջուրն էր քիչ, մեկ տաք ջուրը հերիք չէր անում, որ ամանները յուղից լավ մաքրեին, իսկ տաք ջուրը միշտ հերիք չէր անում ու միշտ ամանների մաքրության մասին կռիվը ճաշից առաջ անպակաս էր: Բոլորը պատճառ էին բռնում տաք ջրի պակասությունը և ժամանակի սղությունը՝ ջուր տաքացնելու համար: Միայն մի հոգի չէր վիճում այդ առումով, և ո՛չ էլ որևէ բողոք էր լսվում նրա լվացած ամանների համար, դա Յափնջին էր: Կարծում եք նա շատ բարեխիղճ ու արագ աշխատո՞ղ էր, ի՛նչ ասեմ, ամեն ինչ հարաբերական է, ամեն ինչ կապված է, թե մարդը ինչպե՞ս է դուրս գալիս իրավիճակից: Յապնջու լվացած ամաններից ո՛չ միայն չէի՛ն բողոքվում, այլ սկսեցին նրան գովել, նկատեցին նրա մոտ այնպիսի հատկություններ, որ մինչև հիմա զարմանալի էր, որ չէին նկատել: Չէ՛ որ նա շատ պարտաճանաչ է, դեռ ո՛չ մի անգամ մի ճենճոտ ափսե չի դրել սեղանին, ոչ մի կտոր ճաշի կամ հացի ավելցուկ, նույնիսկ մի փշրանք չես գտնի ճաշարանում, երբ նա է հերթապահը, նա նույնիսկ երբեմն ո՛չ թե երկու, այլ մի ժամ ու կես է բացակայում գործից՝ ճաշ պատրաստելու համար, ասյպիսիներին սովետի օրոք աշխատանքի հերոսի շքանշան կտային: Տղաները արդեն չէին թաքցնում իրենց գոհունակությունը Յափնջու մաքրությունից ու խոհարարությունից, չնայած խոհարարությունը նա որևէ մեկից լավ չէր անում, բայց գովեստը պետք է կոմպլեկտավորել, չէ՞: Նրա եփած ճաշերն էլ էին արդեն գովում, համո՜վ է, որ շատ զարմանալի էր Յապնջու համար: Ոմանք նույնիսկ դադարեցին ճաշի ժամերին Արամին Յապնջի ասել, դրանով շեշտում էին իրենց հարգանքը, իհարկե, մինչև սովածանալը: Երևի այստեղ են ասել, որ տղամարդու հոգին ստամոքսի մեջ է: Աշխատանքի ժամանակ Յափնջին ի՛նչ էլ աներ, մևնույն է, որևէ մեկը մի բան կգտներ, որ ասեր, «Յափնջու արածը ի՞նչ պիտի լինի», իսկ Յափնջին՝ որպես պատասխան, փնթփնթում էր քթի տակ. -Մարու աչկը ելնի անունը չելնի: Եվ ինչպիսի երևակայություն էին բանեցրել, և ինչի՛ համար, որ Արամին տան այդպիսի մականուն, Յափնջի: Իսկ հիմա, ճաշի ժամին, նույն իրեն Յափնջի անվանողները սկսում են իրեն Արամ անվանել, այսպես է բանն աշխարհի, հա՞: Յափնջին արդեն զգում էր, թե ինչպիսի ազդեցություն է գործում տղաների վրա իր խոհարարությունը, և լուրջ պլաններ էր մշակում Յափնջի մականունից ազատվելու համար: Ոմանք արդեն սկսել էին իրեն անունով դիմել, Արա՜մ, թեկուզ միայան ճաշի ժամին.- հետո՞ ինչ, եթե ամեն օր ասեն՝ կսովորեն ու էլ Յափնջի չեն ասի, կասեն Արա՛մ, -մտածում էր Յափնջին: Ուստի,- պետք է հերթապահության օրերը ավելացնել, -մտածեց Արամը, այսինքն Յափնջին: Մի օր, հերթական գովեստի պահին, Յափնջին օգտվելով առիթից, ձևացրեց թե ոգևորվել է ու ասաց. - Տղեք ջան, ուզու՞մ եք ամեն օր ես ճաշը պատրաստեմ, երկու ժամի փոխարեն էլ կես ժամվա ընթացքում: Ա՛յ քեզ նվիրվածություն, մտածեցին շատերը ու չորս բոլորից. - Իհարկե, իհարկե: Ու որոշեցին Յափնջուն ամեն օր, ճաշից կես ժամ առաջ, ուղարկել ճաշարան՝ ճաշ պատրաստելու: Միայն մի հոգի էր լուռ, դա բրիգադիրն էր, որ Յափնջուն վաղուց էր ճանաչում, բայց նրան նույնպես դա շատ հարմար էր ու ձեռնտու, համ ճենճոտ ամանների կռիվ դավուց էր պրծնում, համ էլ մի աշխատողի 1,5 ժամ ժամանակ էր խնայում: Ամեն ինչ լավ էր, կռիվները ճաշի ժամին վերացել էին, ճաշը միշտ ժամանակին պատրաստ ու ճաշարանը՝ մաքուր: Բրիգադիրը մի օր որոշեց իր աչքերով տեսնել, թե Յափնջին ինչպես է այդպես արագ հասցնում ամեն ինչ անի կես ժամվա ընթացքում, ախր նա Յափնջուն վաղուց էր ճանաչում, մի բան այնպես չէր: Ու ճաշից կես ժամ առաջ Յափնջուն ճաշարան ուղարկելուց հետո, մի քանի րոպեից բրիգադիրը նույնպես գնաց ճաշարան, կանգնելով քիչ հեռու, որ Յափնջին իրեն չնկատի, ու սկսեց դիտել նրա գործունեությունը: Սովորաբար ամանները ճաշից հետո չէին լվանում, համաձայնվեք, ճաշելուց հետո աման լվանալը ամենասարսափելի զբաղմունքն է, բացի դրանից, պետք էր նորից ջուր տաքացնել և այլն..: Ամանները լվանում էին հաջորդ օրը, ճաշից առաջ, որ զբաղեցնում էր հերթապահության ժամանակի մեծ մասը: Ամառ էր, բրիգադի ճաշասեղանը դրսում էր , մի երկար փայտյա սեղան էր տնակի դիմաց, մոտ 7 մետր երկարությամբ: Յափնջին առաջին հերթին ճաշի պատրաստությունը տեսավ, հացը և մնացած ուտեստները, որ նույնպես պետք է դրվեին սեղանին, ապահով փակեց պահարանում, կարծես պահում էր մեկից, ու չգիտես ինչու սկսեց նախորդ օրվանից մնացած, չլվացված, ճենճոտ ամանները շարել սեղանին, ապա անցավ տնակի այն կոմղմը, որ նայում էր դեպի գյուղ, ձեռքերը տարավ բերանը ու սկսեց շվացնել: Մի րոպե չանցած գյուղի շների ոհմակը արդեն ճաշարանի երկա՜ր սեղանի շուրջ,առաջին թաթերով սեղանին հենված, իրար կողք շարված, սեղանի վրա շարած ճենճոտ ամաններն էին լպստում: 5 րոպե անց, բոլոր փշրանքները տան շրջակայքից սրբել էին շները, ճաշամանները՝ սեղանի վրա շարված, արևի տակ պսպղում էին մաքրությունից: Ու հանկարծ Արամը, կարծես կյանքում առաջին անգամ, լսեց մի բղավոց. - Տո Յափնջի՜, էս ի՞նչ ես անում: