Логотип
01.02.2010
Տո՛ դը՝ գնա՛ ե՛

Մերձմոսկովյան ամառանոցային գյուղաքաղաքները բոլորը շրջափակված են բարձր պարիսպներով իսկ որոշ տեղեր այդ 5-6 մետր բարձրություն ունեցող պարիսպների վրա ամրացված են փշալարեր, երևի վայրի գազաններից պաշտպանվելու համար: Միայն մի բան այնքան էլ պարզ չէ, ո՞ր կողմում են այդ վայրի գազանները, պարսպից նե՞րս, ինչպես սովորական գազանանոցում, թե՞ պարսպից դուրս: Մի այդպիսի մերձմոսկովյան գյուղաքաղաքի կից, որ կոչվում է «Մալենկայա Իտալիա» բարձր պարիսպների հարևանությամբ, ժամանակավոր ցանկապատով շրջափակաված էր մեր բանվորական ճամբարը, որտեղ մեղվի փեթակների նման իրար կողքի շարված տնակներից առավոտյան դուրս էին «թռչում» բանվորները ու տարածվում չորս կողմ, ինչպես մեղուները: Իսկ երեկոյան վերադառնալիս նրանք իհարկ է նեկտար չեին բերում, որ մեղր պատրաստեն, լավագույն դեպքում, եթե վարձատրության օր էր, նրանք բերում էին աշխատավարձի որոշ մասը, սովորաբար աշխատավարձի քառորդը, մնացածը իրար մեջ կիսում են «պարիսպ կառուցողները»: Իսկ սովորաբար, ճամբար վերադառնալիս, բանվորները էժան գարեջուրը հագուստի տակ ավելի խնամքով պահած քան մեղուն է պահում նեկտարը, դեմքի անմեղ արտահայտությամբ անցնում էին ճամբարը հսկող հսկիչների կողքից ու վերադառնում իրենց «Փեթակը», ու վայելում ճամբարում արգելված ոգելից խմիչքը: Առավոտները, գործի գնալուց, մեզ ընդհամենը պետք էր անցնել մոտ 500 մետր: Մենք դուրս էին գալիս ճամբարից, մեծ զգուշությամբ անցնում էինք խճուղու մյուս կողմը, որով մեծ արագությամբ սլանում էին մոսկովյան հարուստները դեպի իրենց ամառանոցները, ու գնում էինք մոտակա նորակառույց սուպերմարկետում ներքին աշխատանքներ կատարելու: Մեր հիմնական ճանապարհը անցնում էր այդ խանութի մեկը մեկին հաջորդող փարթամ վիտրինների երկայնքով, մոտ 400 մետր: Մեր տղաներից մեկը, Վահագը, միջին տարիքի տղամարդ էր, մորուք էր պահում: Ուրեմն, փարթամ մորուքով, խիստ կարճահասակ, բոյը մոտ 1,50, նիհար ու ոսկրոտ դեմքով, ավելիճիշտ դեմքի այն ոսկրոտ մասով, որ երևում էր մորուքի տակից, ու բաց դեղնագույն աչքերով մի անձնավորություն: Վահագը շատ խնամքով էր հետևում իր մորուքին և քանի, որ մորուքը ձևավորելու համար լեզվիները վերջացել էին, նա ճանապարհին, խանութի կողքով անցնելիս, հետազոտում էր այդ խանութի վիտրինները, լեզվի էր որոնում: Խանութի երկայնքով, արդեն ճանապարհի կեսը անցել էինք, ես նկատեցի, որ Վահագը հետ է մնացել, շրջվեցի: Վահագը կանգնել էր մի հազար տեսակ պլպստուն ապրանքներով լի վիտրինի առջև և ուշադիր զննում էր այնտեղ դրված իրերը: Եվ հանկարձ սևեռուն հայացքը ուղղելով վաճառողին, խռփոտ ձայնով հարցրեց: -Бритва есть?( լեզվի կա՞) -Ես արդեն մոտենում էի Վահագին, երբ հնչեց երկրորդ հարցը, արդեն զայրույթով: -Че смиешся?(ի՞չ էս ծիծաղում) - Վիտրինի ապակու հետևից մի ջահել ու գեղեցիկ աղջիկ, նայում էր Վահագին ու ծիծաղում, ապա լսելով նրա երկրորդ, արդեն զայրույթով լի հարցը, ջանալով, որ Վահագը իր ձայնը ապակու հետևից լսի, պատասխանեց: -Այս խանութը կենդանիների համար է: -Ես սկսեցի անզուսպ հռհռալ ու ծիծաղելով դիմեցի Վահագին. Լա՛վ դե, բրիտվա չկա մի հատ ժնջիլ առ: Շիրակի հարթավայրում ժնջիլ բառը (մետաղյա շղթա) սովորաբար կիրառվում է գամփռ շներին մի տեղ կապելու կապակցությամբ: Ես ծիծաղում էի իսկ Վահագը զայրանում էր, ուզում էր մի բան ասեր այդ աղջկան, բայց քանի որ ռուսերենին լավ չեր տիրապետում, մի քիչ հապաղում էր, ու ես հասա նրան «օգնության»: -Սպասի Վահագ, հիմա մենք սրան մոլորացնենք, ու դիմեցի աղջկան:- Ասացեք խնդրեմ, ձեր խանութում վաճառվող իրերը միայն տնային կենդանիների համա՞ր են: - Այո: - Իսկ Վայրի գացանների համար ոչինչ չունե՞ք - Իսկ ի՞չ էք ուզում: - Բրիտվա է պետք: - Կարծես մուրճով հարվածեցին Վահագի գլխին, նա կտրուկ շրջվեց դեպի ինձ: -Տո՛ դը՝ գնա՛ ե՛: - Ու նեղացած հեռացավ: Ես գնացի Վահագի հետևից: Իսկ կենդանիների համար խանութի վիտրինների ապակիների մեջ, մեր սիլուետների փոխարեն մնաց խճուղին այն կոմ վեր խոյացող աղյուսաշար պարիսպների արտացոլանքը: