Գյումրեցի Վահանը իր չուլանում, որ գտնվում էր հինգ հարկանի շենքի դիմաց, նմանատիպ չուլանների շարքում, ինչ որ պատրաստություններ էր տեսնում: Նա ամեն ինչ անում էր թաքուն, որ մարդ չտեսնի ու ավելորդ հարցեր չտան: Պետք է ասել, որ արդեն կյանքի փորձ ձեռք բերած 40 ամյա Վահանին դա հաջողվում էր: Ո՛չ մեկը չէր նկատել, որ Վահանը արդեն երրորդ օրն է, ինչ օրվա մեծ մասը անցկացնում է չուլանում: Նա չուլան էր մտնում զգուշությամբ, որ մարդ չնկատի ու դուրս էր գալիս՝ նախօրոք չուլանից ծիկրակելով, որ որևէ մեկը չնկատի իրեն չուլանից դուրս գալուց: Վահանը չուլանում պատրաստում էր լեռնագնացի հանդերձանքներ ձմեռային պայմաններին համապատասխան, թեև դեռ ձյունը նոր էր պատել մոտակա լեռների կատարները ու, ո՛չ թե ձմեռվա գալն էր կանխերգում, այլ ավելի շատ զարդարում էր Շիրակի հարթավայրը շրջապատող լեռների կատարները՝ սպիտակ շղարշով: Լեռնագնացի սահնակը արդեն պատրաստ էր, հատուկ կոշիկները կախած էին չուլանի պատից, սահնակի վրա ամրացված էին լեռնագնացի մուրճը ու տարբեր տեսակի գործիքներ, որոնք նրան կարող էին պետք գալ, եթե նա լեռան կատարին զբաղվեր ավտովերանորոգման գործով: Այդ գործիքները նրան անհրաժեշտ էին, քանի որ նա գնում էր՝ լեռներում վթարի ենթարկված ռազմական ինքնաթիռը գտնելու: Բանը նրանում էր, որ մի քանի օր առաջ լեռներում կործանվել էր ռազմական ինքնաթիռ: Դա գիտեր ողջ քաղաքը, բայց միայն Վահանն էր մտածել, որ այդ ինքնաթիռի վրա կան մեծ քանակությամբ թանգարժեք մետաղներ պարունակող սարքեր, հիմնականում ոսկի ու պլատին, նա գնում էր այդ ոսկիները վար բերելու: Ո՛չ ոք չգիտեր նրա ձեռնարկության մասին, բայց կար մի մարդ, որի աչքից այդ ամենը չէր կարող վրիպել, դա Վահանի հայրն էր, որ անսպասելիորեն մտավ չուլան ու, երբ Վահանը խնամքով փաթաթում էր պարանը ձեռքի վրա, մի հայացք գցելով որդու վրա, ոտից գլուխ չափելով, հարցրեց. - Էլի էշդ գյամե՞լ էս: Վահանը լուռ նայեց հորը, հայրը գլուխը օրորելով այլևս ոչինչ չասեց ու դուրս եկավ չուլանից: Ոչինչ չասեց, որովհետև գիտեր, որ անիմաստ է, նա լավ գիտեր իր որդուն, առաջին անգամը չէր: Եվ նույնիսկ այն հանգամանքը, որ նա տեսավ, թե իչ է անում Վահանը, արդեն բավականին մեծ նվաճում էր, նա գոնե տեղեկացավ այդ մասին, որ Վահանը ինչ որ բան է ձեռնարկել: Դա իրոք, արդեն նվաճում էր, քանի որ դեռ 12 տարեկան հասակում Վահանի առաջին նմանատիպ ձեռնարկության մասին, իրենց ընտանիքից, նա տեղեկացավ ամենավերջինը: Սովետմիություն էր, Լենինական, Վահանը՝ 12 տարեկան, կյանքը ընթանում էր սովորական սովետական ռիթմով: Վահանի մորաքույրը, որ ապրում էր Ադրբեջանում, հաճախ էր հյուր գալիս: Մի օր Վահանի մորաքույրն ու Վահանի մայրը երեկոյան նստած զրուցում էին, իսկ Վահանը պառկել էր քնելու ու ձևացրել էր, թե քնած է, բայց թաքուն լսում էր կանանց խոսակցությունը: Վահանը լսում էր մեծ հետաքրքրությամբ, բաց չթողնելով ո՛չ մի հնչյուն: Չնայած մոր խոսքերը Վահանին այնքան էլ հետաքրքիր չէին, նա արդեն ամեն ինչ գիտեր, թե ինչ է ասելու իր մայրը՝ Լենինականից Կիրովաբադ Լենինականի տեքստիլ կոմբինատի արտադրած ապրանքները գաղտնի կերպով տեղափոխելու մասին: Նա էդ ամեն ինչը լավ գիտեր, քանզի ինքն էր հաճախ այդ ապրանքը հասցնում Կիրովաբադ: Նրան հետաքրքրում էր մորաքրոջ գաղտնիքները, որ ապրում էր մենակ, և բավականին հարուստ էր: Եվ ահա սկսեցին հնչել բաղձալի հնչյունները, ո՛չ մի երաժշտություն այնքան հաճույք չէր կարող պատճառել ամենաերաժշտասեր մարդուն, ինչքան մորաքրոջ արտասանած յուրաքանչյուր բառը Վահանի համար, մորաքույրը խոսում էր պահված ոսկու մասին: Վահանի մորաքույրը պատմում էր իր քրոջը մի նամակի մասին, որ վերջերս էր ստացել իր տան նախկին տիրոջից: Տան նախկին տերը գրել էր, որ իր տան պատի մոտ աճող կաղնու տակ պահված է կճուճով ոսկի, ու առաջարկել էր գալ, հանել ոսկին թաքստոցից և հավասար կիսել: Ու քանի որ Վահանի մորաքույրը կասկածում էր նախկին տան տիրոջ անկեղծության վրա, խորհուրդ էր հարցնում իր քրոջից, ինչպես վարվել: Խնդիրը նրանում էր, որ այդ կաղնին վաղուց արդեն կտրել էին ու տան պատը քանդելով, ընդարձակել էին տունը ու կաղնու քոքը մնացել էր նորակառույց խոհանոցի հատակի տակ, իսկ հատակը խնամքով լցրել էին նախ՝ խճաքարերով, ու բավականին հաստ շերտով բետոնապատել էին: Վահանի մայրը լինելով բավականին գործունյա կին, նախ սկսեց հետաքրքրվել նամակի հեղինակով, ո՞վ է, ի՞նչ մարդ է, կարելի՞ է նրան հավատալ... ու վճիռ կայացնելուց առաջ սկսվեց մի բամբասանքախառը խորհրդակցություն: Երկար բարակ խոսելուց հետո Վահանի մայրը հայտնեց իր կարծիքը. - Ջանմ, էդի հո երեկվա էրէխեն չէ, որ հենց էդպես, ճիշտ ու շիտակ քեզ ոսկու տեղը ասի: Եթե ոսկի կա, ապա էնպիսի տեղ է, որ մտքովդ էլ չի անցնի: Իսկ որ... Մորաքույրը ընդհատեց նրան. - Բա իմ կուխնյաի հատակը՞, գիտե՞ս ինչ ամուր ենք սարքել, դա որ քանդեմ տունս նորից պտի սարքեմ: Ավաղ, մորաքրոջ կուխնյայի հատակի ճակատագիրը արդեն որոշված էր, Վահանը աննկատ կերպով սողոսկելով մահճակալից, արդեն չուլանում էր ու պատրաստություն էր տեսնում: Նա իր մեծ պայուսակի մեջ արագ դասավորեց բոլոր անհրաժեշտ գործիքները՝ խոհանոցի հատակը քանդելու համար, քլունգը դրեց ամենաառաջինը, նախօրոք կարճացնելով նրա պոչը, որ նեղ տեղում աշխատելու համար հարմար լինի: Աննկատ վերադարձավ իր անկողինը, լարեց զարթուցիչը 5. 30 րոպե, որ առավոտյան ժամը 6- ի ավտոբուսով մեկնի Կիրովաբադ, ու վայրկենապես քնեց: Վահանը անմիջապես քնեց, որովհետև շտապում էր երազում տեսնել մորաքրոջ խոհանոցի հատակի տակ թաղված կճուճով ոսկին արդեն իր չուլանում, շտապ քնել էր պետք, որ այդ ամենը տեսնի, ու նա վայրկենապես քնեց: Վահանը երազին կճուճով ոսկին չտեսավ, բայց նա արդեն Կիրովաբադ մեկնող ավտոբուսի մեջ, ևս մեկ անգամ փարձեց չափել իր սեփական գանձերը, առայժմ երազում, ու հարմար տեղավորվելով ավտոբուսի վերջին նստարանի վրա շտապ քնեց: Մորաքույրը իր խոհանոցը կառուցել ու կահավորել էր մոդայի ամնենավերջին ճիչով: Ընտիր սալիկներով պատված հատակը, թանկարժեք խոհանոցի կահույքը, տեսակ տեսակ թանկարժեք ամանեղեններ, հիմնականում ճենապակուց, և այլ մոդայիկ իրեր: Վահանը մտածեց այդ ամենին անգամ մատով չդիպչել ու փորելով անցնել խոհանոցի հատակի տակ՝ հարևան սենյակի կողմից, որի հատակը տախտակապատ էր ու տախտակները հանելուց հետո արդեն հողն էր: Այդպես նույնիսկ ավելի հեշտ էր, չէ՞ որ հողը փորելը անհամեմատ հեշտ է, քան բետոնը կոտրելը: Իսկ գանձերը հանելուց հետո ամեն ինչ նույնությամբ կարելի էր տեղադրել իր նախկին տեղը, մորաքույրը նույնիսկ կարող էր չնկատել, որ Վահանը արդեն այցելել է իր խոհանոցի հատակի տակ: Նա նախօրոք հոգացել էր այն մասին, թե որտեղ տեղավորի փորելու ընթացքում գոյացած հողը, նա դեռ չուլանում այդ մասին մտածեց: Ու հանելով պայուսակից մի հսկայական պոլիէթիլենից սփռոց, հեռու հրելով խոհանոցին հարակից հյուրասենյակի կահույքը, սփրոցը փռեց սենյակի մեջտեղը ու անցավ գործի: Երկրորդ օրն էր, որ Վահանը փորում էր: Նա արդեն այնքան հող էր հանել խոհանոցի հատակի տակից, որ իր փռած հսկայական սփռոցը վաղուց անհայտացել էր հյուրասենյակում գոյացած հսկայական հողակույտի տակ: Հողակույտի փեշերը արդեն բարձրացել էին մինչև բազմոցների կեսը ու նկատելի արագությամբ սողոսկում էին դեպի վեր: Իսկ հողախառն փոշին ամբողջ հյուրասենյակը, մինչև առաստաղից կախված թանկարժեք լյուստրան, ներկել էր գորշասևագույն: Վահանը փորում էր շատ մտածված կերպով, նա խոհանոցի հատակի տակ դեպի գանձերը կողմնորոշվում էր ծառի արմատների օգնությամբ: Երբ հանդիպում էր կաղնու արմատին, նա որոշում էր որ կողմից է աճում արմատը, բնականաբար արմատի այն կողմը, որ ավելի հաստ էր, տանում էր դեպի ծառի քոքը ու նա փորում էր հենց այդ ուղղությամբ: Թերևս այդ մեռած արմատները միակ ուղեցույցն էին Վահանի համար հողի ընդերքում, մթության մեջ, որին արդեն սովորել էին նրա կատվի աչքերի նման պլպստացող աչքերը: Վահանը Փորում էր: Լռություն էր տիրում, միայն Վահանի շնչառությունն էր խախտում այդ լռությունը ու քլունգի պարբերաբար թմփոցը, որ խրվելով հողի մեջ, ճանապարհ էր բացում դեպի գանձերը: Եվ հանկարծ Վահանը մի ձայն առավ, շատ բաղձալի ձայն էր այդ ձայնը, Վահանը լսեց մի ծնգոց, ծը՜նգ: Վահանի սիրտը իջավ չոքերը, մի՞ թե հասվ, գտա՛վ, դա ոսկու ծնգո՞ցն էր: Վահանը շտապեց նախատել ինքն իրեն, որ այդպես անզգույշ է խփում քլունգը, որ ոսկու կարասը կարող է փշրվել ու հողերի մեջ նա կարող է բավականին ոսկի կորցնել: Բայց այդ ծնգոցին չգիտես ինչու հետևեց ինչ որ չրխկոց ու ճռճռոց: Բյուրեղապակյա բաժակներից մեկը, որ ցուցադրաբար շարված էին խոհանոցի պահարանում, պահարանը թեքվելու պատճառով սահեց ու կպավ կողքի բաժակին ու արձակեց իսկական ոսկու զնգոց և, քանի որ հատակը կամաց շարունկվում էր փլվել ներքև, սկսեց ճռճռալ կահուքը, սկսեց թափվել ապակյա ամանեղենը հատակին, մեկը մեկից ավելի զրնգուն ձայներ հանելով: Իսկ Վահանը, չկորցնելով իրեն, հասցրեց իր քլունգը օգտագործել որպես հենարան իր, հողի ու բետոնե հատակի միջև: Նա քլունգի երկու կողմ տարածվող երկաթյա մասը հենեց հողին, որ դեպի իր վրա իջնող բետոնե հատակը կանգնեցրեց ու չթողեց իրեն ճզմել: Վահանը հայտնվեց խոհանոցի բետոնե հատակի տակ կիսաճխլված վիճակում: Նա այդ կիսաճխլված վիճակում մտածում էր ինչպես հասնել ոսկուն, կհասցնի՞ արդյոք գործը ավարտին հասցնել, չէ՞ որ մորաքույրը շուտով կարող էր վերադառնալ և հետո նախ պետք էր դուրս գալ այդ գերեզմանից, որ իր ձեռքով էր փորել: Հետագա մի քանի ժամվա ընթացքում Վահանը բուռ առ բուռ դեն հրելով հողը, խլուրդի նաման մի փոքրիկ ճանապարհ բացեց ու դուրս եկավ խոհանոցի հատակի տակից: Խոհանոցը մոտ մեկ ու կես մետրով փոխել էր իր դիրքը դեպի ներքև, իսկ իրերն ու կահույքը՝ չհարմարվելով այդ նորաձևությանն ու մեջտեղից կոտրված հատակին, կոտրատված ու խառնիխուռն լցվել էին իրար վրա, հիշեցնելով մի սովորական աղբակույտ: Իսկ հյուրասենյակի կահույքը, որ ծածկված էր հողախառն փոշու շերտով, միայն կլոր կամ քառակուսի բլրակներ էին հիշեցնում: Լենինականում արդեն երկրոդ օրը Վահանին փնտրելուց հետո, մորաքույրը եկավ այն եզրակացության, որ նա Կիրովաբադում է: Ու երբ Վահանը նոր էր ազատվել ստորգետնյա բանտարկությունից ու վայելում էր կյանքի քաղցրությունը, որը չէր փոխի 100 կճուճ ոսկու հետ, հենց այդ պահին մորաքույրը դուռը թակեց, նա իր դուռը չկարողացավ բացել ու թակում էր, որովհետև Վահանը այդ հանգամանքը նույնպես նախատեսել էր ու դուռը ներսից փակել: - Տղա Վահա՛ն, դուռը բաց, բա՛ց, գիտեմ որ էդտեղ էս, բա՛ց քեզ ասում եմ: Վահանը դռանը գերադասեց պատուհանը ու թողնելով մորաքրոջ գանձերը խոհանոցի հատակի տակ, փախավ: 28 տարի անց, 40 տարեկան Վահանը հենց այն նույն չուլանում, որտեղ Կիրովաբադ մեկնելուց առաջ տեսել էր բոլոր պատրաստությունները, նորից պատրաստություն էր տեսնում, իսնչպես արդեն գիտենք, լեռը բարձրանալու համար, որ կործանված ինքնաթիռի ոսկի ու այլ թանկարժեք մետաղներ պարունակող սարքերը բերի ներքև: Վահանը թերթ չէր կարդում, նա նույնիսկ չէր հավատում, որ թերթը կարդալու համար է, ու նրան չէր հետաքրքրում, թե ինչ են գրում այդ մասին, ինչ հետազոտություններ են կատարել, ինչ են վերցրել դեպքի վայրից զինվորականները, որ արդեն ուղղաթիռով ընդամենը մի քանի ժամ անց դեպքի վայր էին ժամանել: Վահանը գիտեր մի բան, այնտեղ, ուր ընկել էր ինքնաթիռը, ոչ մի ճանապարհ չկա ու ամեն մարդ չի կարող բարձրանալ այնտեղ, շատ քչերը կհամարձակվեին նման քայլի դիմել: Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա իրոք, ինքնաթիռի ղեկավարման էլեկտրոնիկան և որոշ այլ սարքեր, իրոք, պարունակում են բավականին քանակությամբ թանկարժեք մետաղներ, որոնք հիմնականում տեղավորված են առանձին բլոկներում ու մասնագետները, որ ուղղաթիռով արդեն մի քանի անգամ այցելել էին դեպքի վայր, այդ ամենը գիտեին իրենց հինգ մատի նման: Իսկ Վահանին հետաքրքրում էր միայն ոսկին և նա գիտեր, որ այնտեղ ոսկի կա: Վահանը արդեն հասել էր ձյուներին ու նրա ինքնաշեն սահնակը հանդարտ ու թեթև հետևում էր իրեն: Ու երբ նա տեսավ, թե ինչպես զինվորական ուղղաթիռը, հերթական անգամ, վեր բարձրացավ լեռան գագաթից և ուղղաթիռից կախած ինչ որ բան տարան, նա չընկճվեց, նույն համառությամբ շարունակեց ճանապարհը դեպի լեռան գագաթը: