Логотип
23.05.10
Ազատությունը ոչխարհի համար չէ

Իվանը իր ոչխարներին բանտարկել էր: Ես դեռ չէի եկել նման եզրակացության, կարծում էի ինչ որ պատճառ կա, որ Իվանը իր ոչխարներին պահում է փարախում, երբ ապրում էր գետափին մոտ, կանաչաշատ տեղանքում: Գետափի շուրջ բոլորը թարմ խոտով հարուստ տարածքներ էին, իսկ Իվանի ոչխարները ամառային արևոտ օրը փարախում փակված էին: Տարоրինակ էր: Ու մի օր հարցրեցի Իվանին. – Իվան, Ինչու՞ ոչխարներիդ չես քշում դուրս, գնան արածեն, գետափի խոտերը այնքան են բարձրացել, որ քայլել չի լինում, ախր ամենալավ գազոն հնձող մեքենան ոչխարն է, բաց թող գնան, արածեն, համ գետափին կարելի կլինի հանգիստ մոտենալ, համ էլ ոչխարներդ թարմ խոտ կարածեն... - Է՜: - Իվանը այնպիսի հիասթափությամբ ասեց, Է՜, որ կարծես ասեց, մըըը: - Ի՞նչ ես ասում, ո՞նց դուրս թողնեմ էդ հայվաններին, ազատությունը ոչխարի համար չէ: Իվանի խոսքերը ինձ շշմեցրեցին, բացի նրանից, որ ես արդեն կռահում էի, որ ինչ որ զավեշտալի պատճառ կա, ինձ զարմացրեց Իվանի փիլիսոփայությունը, (ազատությունը ոչխարհի համար չէ) որ անպայման ուներ ինչ որ հիմնավորում: - Ինչի՞ մասին է խոսքը Իվան, ես հո չե՞մ ասում, թե ոչխարներիդ ըստ խղճի ու խոսքի ազատության փարախից դուրս քշես, ոչխար են, է՛լի, ամենաշատը պիտի մկկան, իսկ նրանց ամենագլխավոր իրավունքը որոճելն է: - Հա բա՛, հիմա նրանցից ավելի լավ որոճողներ կան: Էդ գետափի տարածքը, հարգելիս, էլ անտեր տարածք չէ, դա պատկանում է մի դեպուտատի, նա էստեղ չի ապրում, բայց էդ տարացքը իրենն է, այնտեղ միայն նա կարող է արածել: - Եվ ի՞նչ, արածու՞մ է: - Չէ, ոչ ինքն է արածում, ոչ էլ թողնում է, որ ուրիշի ոչխարները արածեն, հողը տեր ունի, բայց անտեր է: - Իվան, իմ կարծիքով դու մի քիչ չափազանցնում ես, եթե իրեն էդ խոտը պետք չէ, իմ կարծիքով ո՛չ մի բան էլ քեզ չի ասի, բաց թող ես հայվաններին գնան մի քիչ արևի երես տեսնեն, աստծու տված իրենց բաժին կանաչ խոտը արածեն, ի՞նչ ես խեղճերին փակել փարախում, ոնց որ վախեցած լինես, տնաշեն: - Չի կարելի, հասկանու՞մ ես, դա իր սեփականությունն է, չի ուզում որ ոչխարներն այնտեղ արածեն: - Լավ, բա խոտը բարձրացել է, հնձող չկա, գոնե խոտը հնձի, բեր տուր էս խեղճ անասուններին, թարմ խոտը քթի տակ դու սրանց չոր խոտ ես տալիս: - Չոր խոտը երբ վերջացավ, ոչխարներն էլ կվերջանան, կմորթեմ կպրծնեմ էդ գլխացավանքից: - Իվան, չեմ հասկանում, էդ խոտը գետափին մնալու է փչանա, ինչու չես հնձում, տաս հայվաններին: Եթե մորթում ես, մորթի, էն ժամանակ գոնե գեր կլինեն: Իվանը հարցական նայեց, կարծես համոզվեց: Մի պահ մտածեց, համոզվեց: Գերանդին առավ, գնաց գետի ափ ու սկսեց դար ու փոս տեղանքում հնձել գետափի արդեն բավականին վեր բարձրացած խոտը: Իվանը հնձում էր ու աչքի տակով նայում էր մոտակա երկու հարկանի դղյակին, որի դռանը մի սև ջիփ էր կանգնած: Դեռ նոր էր Իվանը իր հունձը սկսել, երբ դղյակից դուրս եկավ մի մեծ փորով ու հաստավիզ անձնավորություն, դա Իվանի ասած դեպուտատն էր: Հանդարդ, խորհրդավոր քայլերով մոտեցավ Իվանին, մի պահ կանգնեց նայեց, չէի ասի, թե ինչպես վագրն է մի պահ նշան բռնում իր որսին ցատկից առաջ, չնայած նրա հայացքը այդպիսին էր, քանզի նա ավելի շատ մսավաճառի էր նման, բայց չգիտես ինչու նա կարծես գնահատում էր Իվանի հնձվորական ունակությունը, մի պահ լռելուց հտո ձայն տվեց. - Քեզ ո՞վ է թույլ տվել այստեղ խոտ հնձես: Իվանը կարծես վաղուց պատրաստված լինելով նման հարցի, անմիջապես ինքնաձիգի արագությամբ իրար հետևից շարեց նախապատրաստած պատասխանը. - Մնալու-է-փչանա-մեկ- է- արդեն- քանի –տարի- է- ո՛չ- ոք –չի- հնձում -էս -խոտը,- լավ չի՞ -լինի, -որ -հնձեմ, -համ- էլ –գետափը- կմաքրվի: - Իսկ դա քո գործը չէ, թե ինչպես լավ կլինի, սա իմ սեփականությունն է, այդ ես պիտի որոշեմ ինչպես լավ կլինի, եթե քո խորհրդի կարիքը ունենամ, քեզ կասեմ: - Իվանը շվարել կանգնել էր: Ու հանկարծ, նկատելով Իվանի շիվարածությունը, հաստավզի մոտ արթնացավ մեծահոգություն: - Դե լավ հնձիր, բայց ո՛չ անվճար, խոտի փոխարեն ինձ թարմ ձվեր կբերես քո հավանոցոց: Իվանը մի պարկ խոտը ուսին մտավ իր տնամերձ տարածքը: Ծիծաղելով նայեց ինձ ու ասաց. - Տեսա՛ր ու՞մ համար է ազատությունն ու դեմոկրատիան: Ոչխարները փարախում էլ յոլա կգնան: Ես շարունակեցի Իվանի հեգնանքը, որպես համաձայնության նշան նրա հետ: - Հա՛ Իվան ջան, բայց կարծում եմ, որ դեռ ամեն ինչ կորած չէ, հարկավոր է պետական խորհրդարանում, որտեղ աշխատում է էդ դեպուտատը, անվճար ձվեր բաժանեն, գուցե մարդիկ ձվի կարիք ունեն, ոչխարներն էլ էդ դեպքում կանաչ խոտ կստանան: - Գժվեել է՞ս, եթե դրանց ձվեր բաժանեն, մյուս անգամ հավ է ուզելու, դրանց ձվեր չի կարելի տալ, հակառակը, պետք է դրանց ձվերը պոկել, որ չբազմանան: