Логотип
22.03.2009
Ուստեն
Հայաստանի երիտասարդության զգալի մասը այսօր գտնվում է աշխատանքային գաղությում: Ո՛չ ոք նրանց ոչ մի հանցանքի համար չի պատժել ու ուղարկել աշխատանքային գաղութ, բոլորը հայտնվել են այդ գաղութներում կամավոր կերպով, կամավոր՝ մի քիչ նույնիսկ մեղմ ասեցի, սովորաբար այդ աշխատանքային գաղութներում հայտնվում են իրենց ծանոթների ու հարազատների օգնությամբ: Երևի արդեն կռահում էք, որ խոսքս սպիտակ ջարդի արդյունքում, աշխատանք գտնելու համար արտերկիր մեկնած հայ երիտասարդության մասին է: Իսկ ինչու՞ գաղութ և ոչ թե ճամբար: Շատ պարզ պատճառով, այդ հայերի համախմբված աշխատատեղերում գործում են նույն բարքերը, ինչ գաղութում, և ո՛չ միայն աշխատանքային, այլ սովորական գաղութում: Այսինքն աշխատող մարդը այսօր առաջնորդվում է գողական արք ու բարքով, սովորություններով, արժեքներով: Արժեքներո՜վ, սա՛ է ամենակարևորը, որի շնորհիվ աշխատավոր մարդը աշխատանքի մեկնելով հայտնվում է աշխատանքային գաղութում: Արժեքներ, որոնք ըստիս հանդիասնում են սպիտակ ջարդի հիմնական զեմքը: Նորակառույց առևտրի սրահի մի մեծ սենյակ հատկացված էր աշխատողների համար՝ որպես ապրելատեղ: Վատ թե լավ, տղաները տեղավորվել էին, մինիմում հարմարությունները կային, մարդիկ աշխատում էին: Հիմնականում քսանից մինչև երեսուն տարեկան տղաներ էին, մոտ տասնհինգ հոգի, ասես ինչ որ մեկը ծաղկաքաղ էր արել Հայաստանում: Այդ բավականին մեծ բրիգադում կային երկու հասակավոր աշխատողներ, մեկը վարպետ Արամն էր, մյուսը՝ քառասունը անց մի անձնավորություն, որը ուներ երկու դատվածություն, դա Վազգենն էր: Վարպետ Արամին, որ իրոք լավ վարպետ էր, ո՛չ ոք վարպետ չեր ասում, նա արդեն վաթսունին մոտ էր, նրան անունով դիմել նույնպես իրենց թույլ չէին տալիս տղաները, ուստի ստեղծվել էր մի նեյտրալ ու բոլորի կողմից ընդունելի անուն, նրան ասում էին Ձեդ (պապի): Ձեդին հաճախ դիմում էին որևէ շինարարական հարցով, ինչպե՞ս անել, կլինի՞ թէ չի լինի... ու Ձեդը միշտ տալիս էր ճիշտ խորհուրդներ ու դրանով հիմնականում ավարտվում էր Ձեդի հետ երիտասարդների շփումը: Հետաքրքրաշարժ էր դիտել երիտասարդների շփումը Վազգենի հետ, որը իմոջիայլոց, նույնիսկ խուսափում էր ջահելների հետ շփվելուց: Բայց Վազգենը նրանց համար լեգենդ էր, կենդանի պատմություն, երկու «սրոկ նստած ելած» անձնավորություն էր, նրա հետ շփվում էին ընդգծված հարգանքով, դիմում էին նրան պատկառանքով: Իհարկե, դա գալիս էր նաև Վազգենի պահելաձևից, նա վիրտուոզ կերպով տիրապետում էր գայլային օրենքի բոլոր նրբություններին, և յուրաքանչուրը նրանից սովորում էր: Արդեն այնքան էին սովորել Վազգենից սովորելուն, որ նույնիսկ շինարարական հարցերը ուզում էին նրանից սովորել, չնայած որ Վազգենը ամենից վատ շինարարն էր, ոչինչ անել չգիտեր, լավագույն դեպքում կարող էր լինել վարպետի օգնական, ցեխ շաղվել, գործիք տալ և այլն: Բայց տղաները նրանից պիտի սովորեին ամեն ինչ, դա արդեն չգրված օրենք էր: Ամենա լավ սովորողներից մեկը՝ Արմենը, գտավ Վազգենից արհեստ սովորելու հնարը, նա էնպիսի հարցեր էր տալիս Վազգենին, որևէ բան սարգելու կապակցությամբ, որ երրորդ դասարանի երեխան նույնիսկ վստահությամբ կպատասխաներ այդ հարցերին: Տղաները գոհ էին, իրենց հարգանքի օբեկտը ամբողջությամբ կոմպլեկտավորվեց: Միակ մարդը, որ դժգոհ էր այդ կոմպլեկտավորումից, դա ինքը, Վազգենն էր: Նա անհարմար էր զգում տարեց վարպետի և ինքն իրեն առջև, և հաճախ չէր կարողանում թաքցնել իր զզվանքը որոշ տղաների քսմսվող պահելաձևից, բայց և շատ ունակ կերպով օգտվում էր իր ստատուսից, իվերջո նա եկել էր փող աշխատելու, և աշխատում էր այնպես, ինչպես կարող էր: Որոշ ժամանակ իր գյուտը փորձարկելուց հետո, Արմենը որոշեց արդեն տիտղոսավորել իրենց հարգանքի օբեկտին ու մի օր երեկոյան, երբ բոլորը նստած էին ընդարձակ սենյակում, Արմենը ներս մտավ ու դիմեց Վազգենին: - Ուստա Վազգեն մի հատ չայ չխմե՞նք: Վազգենը շփոթված նայեց քիչ այն կողմ նստած Վարպետ Արամին ու պատասխանեց. - Ա՛պ ջան ես ի՞նչ ուստա, իշու ոռը մախատ կոխել չիդեմ, դու ընձի ուստա կսես: Ուստեն տիյա նստած է...- ու ցույց տվեց Վարպետ Արամին: Արմենը չեր սպասում այդպիսի շրջադարձի, նա մի պահ պապանձվեց, հետո չլռելու համար ծիծաղին տալով ինչ որ անկապ բաներ սկսեց բլթբլթացնել ու մի կերպ վիճակից դուր եկավ: Ուստա Արամը լուռ էր, նա չխառնվեց խոսակցությանը, մի բաժակ թեյ լցրեց, խմեց ու պարկեց քնելու: Իսկ Արմենը տխուր էր, երևի ափսոսում էր, որ հնարավորություն չուներ մի հատ աշխատանքային հերոսի շքանշան տար Վազգենին, այդ դեպքում նա ինչպե՞ս կարտահայտվեր: «Ի՞նչ անես, ամեն ինչ փողով ու ծանոթությունով է», մտածում էր Արմենը: Երկար «չմտածեց» Արմենը, դա նրա առողջական վիճակի վրա լավ չէր ազդում, գրպանից հանեց հեռախոսը, արագ գտավ այնտեղ իր սիրած երգը ու բարձր միացրեց Ռոզեմբաումի երգերից մեկը (Гоп стоп, мы подошли из за угла, гоп стоп, ты много на себя брала – հայերեն-«Հոպ ստոպ, մենք մոտեցանք անկյունից, հոպ ստոպ դու քո վրա շատ ես վերցրել» ...) «ռոմա՜նտիկա» : Վազգենի դեմքին անսպասելի կերպով նկարվեց գոհունակություն, նա նույնպես ձեռքը տարավ գրպանը, հանեց զոնում սարգած թզբեխը, որի ծայրին կախված էր մի բավականին մեծ փղոսկրյա խաչ, նա հավատում էր աստծուն, ու սկսեց ծանր ու տպավորիչ քաշել իր թզբեխը: Իսկ ինչու՞ ո՛չ, գուցե հենց ե՞ս եմ ուստեն, հասնելով թզբեխի ծայրին կախված խաչին «մտածեց Վազգենը»: