Логотип
25.04.2007
Երկնային բեմադրություն
Ես արդեն սովորում էի միջին դասարաններում, այսինքն այն շրջանն էր երբ թաղի տղաներով հաճախ, ի՛նչ հաճախ, ամեն օր հավաքվում էինք և, և ինչո՞վ են զբաղվում տղաները: Ես աղունիկներ էի պահում, ղուշբազ էի: Չգիտեմ ինչպես է Հայաստանի այլ քաղաքներում, բայց Լենինականում ղուշբազները միշտ ունեցել են սեփական, կասեի հատուկ, կարգավիճակ: Գոյություն ուներ ինքստինքյան կերպով ստեղծված ղուշբազների համակարգ, ըստ ունեցած լավ աղավնիների: Որպիսի ասածս միայն ղուշբազների համար չլինի, մի երկու բառով ասեմ ի՛նչ է նշանակում լավ աղավնի: Լավ աղավնին դա ղուշբազների համար ո՛չ մի կապ չունի նրա արտաքին տեսքի հետ, գույնի, չափի կամ տեսակի: Գոյություն ունի լավ աղավնիների երկու ճյուղ: Կան աղավնիներ, որոնք թռչելիս շատ չեն բարձրանում, այսպես ասած, թռչում են միջին բարձրության վրա և հաճախ օդի մեջ գլուխկոնծի են տալիս, խաղում են, իհարկե, էդ խաղլն էլ իր հազար ու մի նրբություններն ունի, խաղի ձայնը, երբ խաղում է կա՞նգ է առնում օդի մեջ, թե ոչ, ինչպես է կանգնում, ամենալավը նա է, երբ ասես պոչի վրա նստած խաղալով ուղահայաց վեր է բարձրանում: Երկրորդ լավ ճյուղը, դա երբ աղավնին թռչելիս շատ վեր է բարձրանում, այնքան վեր, որ էլ չի երևում, դրանց անվանում են «ցնդող»: Կան աղունիկներ, որ մոտ չորս հինգ ժամ թռչում են, ղուշբազների մոտ բոլորից շատ գնահատվում են այդ աղունիկները... սրանք լավ աղունիկներն են, իսկ սովորական աղավնիները այն աղունիկներն են, որոնք ապրում են տանիքներում, թռչում են դես ու դեն ու երբեկ գլուխկոնծի չեն տալիս, ղուշբազները սրանց անվանում են «ջալաբ»: Իմիջիայլոց, չգիտես ինչու, Հայաստանում սովորական աղունիկները մարդկանցից վախենում են, օրինակ Ռուսաստանի կամ այլ հյուսիսային երկրների նման, մարդկանց մոտ չեն գալիս: Բայց ամենից շատ լավ աղավնիներ Հայաստանում կան, չեմ չափազանցեցնում, ես ո՛չ մի տեղ այդքան ղուշբազներ չեմ տեսել, ինչքան Հայաստանում, այլ երկրներում ղուշբազները գրեթե հատուկենտ մարդիք են, իսկ Հայաստանում, հատկապես Լենինականում, անհամեմատ շատ են, այժմ իհարկե, Գյումրիում, ուղղակի Լենինական անունը Կումայրիի պատմության մեջ, իմ կարծիքով իր ուրույն տեղն է գրավել և նշելով այդ անունը պարզ է դառնում, թե ո՛ր ժամանակշրջանի մասին է խոսքը: Մենք ապրում էինք հինգ հարկանի շենքի առաջին հարկում, շատ անհարմար վիճակ աղունիկ պահելու համար, բայց ես կարողացա մեր բալկոնի չուլանը վերածել, վերակառուցել այնպես, որ աղունիկները հարմարվեն և հաճախ նույնիսկ կտուրին չէին նստում, միանգամից իջնում էին բակ: Բակ ասելով ինկատի ունեմ այն ճանապարհը, որ անցնում էր մեր դռնով, շենքը ինչպես այդպիսին, բակ չուներ: Իհարկե, ինչպես բոլոր ղուշբազները, արդեն զզվացրել էի հինգերորդ հարկում ապրողներին, ամեն օր տանիքների վրա, աղունիկների հարցերով ... ու հատկապես, երբ անձրև էր գալիս ու որևիցե միկի տանը սկսում էր ջուր կաթել, հիշում ու դիմում էին ինձ ամենաանշնուրհակալ ձևով, որ մեր բակը զարդարում եմ այդ հրաշալի, աստվածային էակներով: Ես հաճախ տանիք էի բարձրանում նոր գնած աղունիկներին բռնելու ու տուն բերելու համար, քանզի հաճախ նոր աղունիկները տեղին անսովոր լինելու պատճառով նստում էին տանիքին ու վար չէին իջնում և, եթե ժամանակին չբռնես, կթռչեն կգնան ու վերջ: Շատ աղունիկներ եմ կորցրել այդ պատճառով, ախր լավ աղունիկը լավ էլ թանգ հաճույք էր: Օրինակ մի զույգ լավ աղունիկը կարող էր արժենար մինչև քսանհինգից հիսուն ռուբլի, երբ աշխատավարձը հարյուրքսան ռուբլի էր: Իհարկե, կային շատ ավելի թանգանոցներ, որ աշխատավարձովդ էլ չէիր գնի: Եթե ինձ այն ժամանակ տային մի միլիոն, ես մի միլիոնի աղունիկ կգնեի: Մեր հարևան Պարույրը սովորական արհեստավոր մարդ էր, հանգիստ, համակրելի, տեղին խոսել գիտեցող մարդ: Պարույրը լավ էր հասկանում աղունիկներից, հաճախ գործից վերադառնալուց, մինչև տուն մտնելը, բավականին ժամանակ կանգնում նայում էր աղունիկներին և ես անպայման նրա կարծիքն էի հարցնում այս կամ այն աղունիկի մասին, ինչպե՞ս է խաղում, լավ բարձրանու՞մ է թե ոչ... Մի օր Պարույրը գործից վերադառնալուց մի թղթե արկղ էր բերում հետը: Տղաներով կանգնած էինք աղունիկների մոտ, Պարույրը մոտեցավ ու ինձ մեկնեց այդ արկղը: Բացեցի, աղունիկներ, ի՜նչ աղունիկներ, երկու աղունիկ, մեկը ամբողջությամբ ձյան նման ճերմակ, դա արուն էր, իսկ մյուսը ճերմակ – վիզը մեջքի կողմից կամիր ու կարմիր պոչով, դա էգն էր: Ղուշբազները նոր աղունիկների թևերը մոտ մի շաբաթ կապած են պահում, որ տեղին սովոր չլինելու պատճառով չթռչեն ու գնան նախքին բունը կամ ուղղակի կորչեն այլ արդեն սովոր լինելով բնին վերադառնան: Պարույրը ինձ ասեց լավ աղունիկներ են համ էլ դեռ անաջ չեն, այսինքն արդեն ձագեր չեն բայց և դեռ հասուն աղավնիներ չեն, ասեց առանց թևերը կապել բաց թող քո աղունիկների հետ, ոչ մի տեղ էլ չեն գնա, բոլորի հետ կթռչեն ու բոլորի հետ վար կիջնեն: Ես առաջին անգամ էի լսում նման համարձակ արարք նոր աղունիկներին վերադառնալ վարժեցնելու մասին, հավատալս չէր գալիս, բայց քանի որ Պարույրն է ասում, ուրեմն պետք է փորձել: Նոր աղունիկներին իմ աղունիկների հետ միասին թռցրեցի: Երեկո էր արդեն, մի քանի աղունիկ պահեցի, որ կարողանամ ներքևում այս մնացածին կուտ տալով թռչող աղունիկներին հրապուրեմ ժամանակին վար իջնելու համար, այլապես, եթե մութը ընկնի, կարող է որևե աղունիկ կորչի, հատկապես նորեկները: Արդեն կուտ էի տալիս ներքևի աղունիկներին ու թեթևակի թռվռացնում, որ թռչող երամը տեսնի ու վար իջնի, այդպես էլ կատարվեց, արդեն գրեթե բոլորը իջել էին, վերջում իջնում էին նորեկները: Հասկանալի պատճառով նորեկների համար դժվար էր վայրեջք կատարել նոր, անծանոթ տեղում և թևիկները արագ-արագ թափահարելով նրանք ասես տեղ էին որոնում գետնի վրա, որ իջնեն: Առաջինը իջավ արուն, ձյան պես սպիտակ արուն, իսկ էգը չէր կարողանում իջնել, ասես ինչ որ բան էր որոնում, ինչ որ տեղ և այդ պահին մի «անգրագետ» սկսեց շվվացնել, իր արեվին աղունիկ է կանչում, ու էս նորեկ աղունիկը ավելի շփոթվեց ու թռավ բարձրացավ նորից վեր: Դե արի, տեղին անծանոթ աղավնի, մենա՛կ, առանց երամի, հիմա արդեն ամեն ինչ կախված է նրանից, որ նրան բաց չթողնել տեսադաշտից ու տեսնել որտեղ է վայրեջք կատարում, բռնել ու բերել տուն: Ու վազում էինք, վազում էինք աղունիկի հետևից, երկինք նայելով, վազում էինք կարծես երկնքում: Վերջապես աղունիկը փորձեց իջնել հանրախանութի ծխնելույզի խողովակի ծայրին: Բայց երբ փորձեց կանգնել այդ խողովակի եզրին, կատարվեց ամենաանսպասելին, նրան չհաջողվեց կանգնել խողովակի բարակ եզրի վրա և ընկավ ծխնելույզի մեջ: Ամառ էր, վառարանները չէին աշխատում, հույս կար, որ կարելի է նրան այնտեղից հանել: Սկսեցինք փնտրել մուտքը, դեպի այդ ծխնելույզի հատակը, նկուղից, դրսից, ինչ ասես չարեցինք, բանը հասավ նրան, որ հանրախանութի պահակը սկսեց անհանգստանալ ու մի էսպիսի վիճակ, դե հիմա պահակին բացատրի, թե աղունիկդ ես փնտրում: Կարմիր պոչ աղավնուն չկարողացանք փրկել բայց մնաց ձյան պես սպիտակ արուն: Յուրաքանչյուր ղուշբազ ունի իր աղավնիների մեջ ամենալավ աղավնին, ես էլ ունեի, դա մի սև աղավնի էր, էգ, որը թռչելիս շատ չէր բարձրանում, շատ ասելով նկատի ունեմ մինչև երկնքում անհետանալը, բայց շատ գեղեցիկ խաղում էր (գլուխկոնծի էր տալիս): Կարծես պոչի վրա նստած այդ սև աղավնին խաղալով, ուղահայաց կերպով վեր էր բարձրանում և ամեն անգամ գլուխկոնծի տալուց ներքևում լսվում էր նրա թևերի ծփոցը, այնպիսի ուժգնությամբ ինչպես քիչ հեռու կանգնած մարդը ձեռքի ափերը կխփի իրար:Այդ սև աղավնին միայնակ էր, չուներ իր զույգը և նույնիսկ իմ ղուշբազական հնարքները, նրան որևե մի արուի հետ զույգ դարձնել, ո՛չ մի արդյունք չէին տալիս: Եվ կատարվեց անսպասելին, սև էգ աղավնին և նորեկ սպիտակ արուն սիրահարվեցին ու կազմեցին զույգ: Այո սիրահարվեցին, առանց չակերտների, ես համոզված եմ, որ աղավնիների մոտ սիրո զգացումը ավելի շատ է զարգացած, քան մարդու մոտ: Որոշ ժամանակ անց պարզվեց ավելի անսպասելին ու հիացականը, պարզվեց, որ սպիտակ աղավնին երկար սավառնող ու մինչև երկնքում անհետանալը բարձրացող աղավնի է, բա Պարույրը վա՞տ աղավնի կբերեր: Ու կազմվեց մի անզուգական դուետ, սև ու սպիտակ աղավնի, մեկը բարձրանում ու անհետանում էր երկնքում, իսկ մյուսը քիչ ներքև, տեսանելի դաշտում, օդի մեջ ուղահայաց վեր բարձրանալով խաղում էր: Ես հաճախ այդ երկուսին առանձին էի թռցնում ու բակով մեկ կանգնում ու նայում էինք այդ երկնային թատրոնը, որ ներկայացնում էին ձյան նման սպիտակ ու սև, երկու աղավնիները: Նրանք մեր բակի երկնային դերասաններն էին: Մի օր պարույրը նայելով այդ երկնային բեմադրությունը, լավ գնահատական տվեց, ասեց. - իսկական աղավնիներ են: Ես հպարտանում էի: Ամեն ինչ լավ էր, այդ երկու աղավնիները արդեն ձու էին դրել, լավ աղավնիների սերունդ էր աճում, մի բան էր դժվար, տեղը անհարմար էր, հինգ հարկանի շենքի առաջին հարկ ու բակի փոխարեն ճանապարհ, որտեղով հաճախ մեքենաներ էին անցնում: Եվ մի օր, երբ ես սովորականի նաման, տան դիմաց, ճանապարհի մեջտեղը, կերակրում էի աղոնիկներին, մի բեռնատար մեքենա անցավ: Բոլոր աղունիկները մի կոմ վազեցին, իսկ ձյան նման սպիտակ աղավնին մնաց մեքենաի տակ և իմ աչքի առաջ նրա գլուխը ճխլեց բեռնատար մեքենաի անիվը: Կարծում եմ իմաստ չունի նկարագրել տասնվեց տարեկան երիտասարդի, աղունիկների սիրահարի ապրումները այդ պահին: Քիչ սթափվելուց հեո ուղղակի հարձակվեցի մեքենաի վարորդի վրա, Էս ի՜նչ արեցիր, ա՛յ անաստված, դու հասկանու՞մ ես ի՛նչ արեցիր: Վարորդը երիտասարդ տղա էր, ամեն կերպ փորձում էր ինձ հանգստացնել... ամեն ինչ վերջացավ նրանով, որ հաճորդ օրը այդ տղան բերեց ու ինձ տվեց երկու աղավնու արդեն թռչող ձագեր: Ես ուզում էի նրան ասել, շատ բան էի ուզում ասեի, ուզում էի ասեի դու հասկանու՞մ ես ի՛նչ արեցիր ու էս աղունիկները ի՞նչ գործ ունեն քո արածի հետ, բայց զգացի, որ նա էլ էր ցնցված պատահածից և որոշեցի առանց երկարացնելու վերցնել այդ աղունիկները, ես արդեն այդ երիտասարդ վարորդին էլ էի կարեկցում: Սպիտակ աղավնու վախճանից հետո սև աղավնին դադարեց թռչել: Ինչ ասես չէի անում, բարձրանում էի տանիք ու երկինք էի նետում, քարի նման ընկնում էր կտուրի վրա ու այնտղից ներքև, դեպի իր բունը, մի շաբաթ տևեց այդ ամենը, ի՛նչ ասես չարեցի, բայց սև աղավնին այլևս երկինք չբարձրացավ, թևը չկպցրեց նույնիսկ երկնքի եզրին: Մի շաբաթից հետո սև աղավնին առանց ցույց տալու որևե հիվանդության նշաններ անսպասելիորեն սատկեց: Պարույրը տեղյակ էր կատարվածի մասին: Մի օր, երբ աղունիկների մոտ դռանը կանքնած էի, Պարույրը գործից վերադառնալուց, հոգնած ու մռայլ բարևեց ու մի հայացք նետելով աղունիկների վրա բարձրացավ տուն: Ես էլ արդեն աղունիկներին չէի նայում, կարծես որոնում էի, կարծես աղունիկ էի որոնում ու աչքիս առաջ հպարտ ու հանգիստ քայլող աղունիկներին կարծես չէի տեսնում: Մի երկու օր անց մի հույս արթնացավ մեջս, մտածեցի, գուցե այս երիտասարդ վարորդի բերած աղունիկները ինչ որ լավ աղունիկներ լինեն, հլա բեր սովորեցնեմ բնին ու տեսնեմ էս ի՛նչ աղունիկներ են: Ու սկսեցի սրանց վարժեցնելը: Կրակը ընկա, բոլոր աղունիկները դռանը կուտ են ուտում, սրանց դնում եմ բոլորի մեջ, առանց թևերը կապելու, ինչպես Պարույրն էր սովորեցրել, հենց ձեռքս հետ եմ քաշում ու սրանց թևերը ազատում եմ, նետի նման թռնում են ուղիղ բունը, ուղիղ մեր բալկոնի չուլանը: Ես նրանց նորից դուրս բերելու համար պետք է ընդհանուր մուտքից մտնեմ տուն, անցնեմ բալկոն, մտնեմ չուլան, որ նորից դորս բերեմ սրանց բակ: Էսպես մի տաս տասնհինգ անգամ, արդեն չէի դիմանում, ներվերս իմը չէր: Վերջին անգամ, երբ բերեցի բակ, շաքարաջուր խմացրեցի ու հենց թևերը ազատ արձակեցի, նետի պես ուղիղ դեպի չուլան: Զայրացած վազեցի տուն նորից հետ բերելու ու երբ վերցրեցի ձեռքս, հաշվի առնելով որ աղունիկ է, եթե վար նետեմ թևերը կբացի ու հանգիստ կկանգնի հատակին, ու ձեռքիցս վար նետեցի, ասի էս ի՛նչ աղունիկ է այ մարդ: Բայց հաշվի չէի առել, որ աղունիկը դեռ ձագ է ու անաջ աղավնու նման թևերը արագորեն չի կարող բացել ու աղունիկը դրմփաց հատակին: Թևերը թուլ կախ գցելով վազեց մտավ մոտակա բնի տակը, երբ դուրս բերեցի այնտեղից, պարանոցը երկարել ու գլուխը անկենդան կախվել էր վար: Ես սպանեցի աղավնուն, դա մի հրեշություն էր, աններելի հրեշություն... Մի քանի օր անց բոլոր աղունիկներս տվեցի իմ ծանոթ ղուշբազներից մեկին ու ինչպես ասում են, թարգեցի: Հետագայում իհարկե, շատ անգամ ցանկություն առաջացավ աղունիկներ պահելու, բայց էլ ոչ ժամանակ, ոչ հնարավորություն, ոչ տեղ: Այս պատմությունը հիշեցի, երբ օրերս իմ աղջիկը, Արևիկը, մի աղավնի բերեց տուն: Սպիտակ աղավնի է, սև պոչով ու թևվերի ու մեջքի վրա սև պտեր, այդպիսի աղավնու անունը, ղուշբազների լեզվով , «ցիգան» է: Ընդհանրապես ղուշբասների լեզվով յուրաքանչյուր գույնի ու գույների խառնվածքի աղավնի ունի իր անունը, օրինակ կա սևպոչ, ալըֆնի, դաղլի, բաց դաղլի, ալվիզ, կաչաղակ, չիլ, չիլ դաղլի... Արևիկի բերածը «ցիգան» է ու դեռ ձագ է: Աղջիկս ասեց, պապա էս աղավնու թևը կոտրված է, դու կարո՞ղ ես բուժել: Ասեցի իհարկե, կարող եմ բալես, չնայած առաջին դեպքն էր, իմ պրակտիկայում նման դեպք չէր պատահել: Ինտերնետում գտա համապատասխան հոդված, ինչպես բուժել թռչյունների կոտրված թևերը ու համապատասխանաբար արեցի ինչ որ պետք էր: Ծիծաղելի է հնչում, բայց ինձ թվում է, էս աղունիկը նման է այն աղունիկին, որին ես անզգուշորեն նետեցի ներքև ու սպանեցի: Բուժեցի այդ աղունիկին, մեղքս քավեցի: Ու թեկուզ այդ աղունիկը սովորական աղունիկ է, ո՛չ մինչև անհետանալը երկնքում վեր է բարձրանում ու ոչ էլ գլուխկոնծի է տալիս, բայց նրա թռիչքը այժմ ինձ համար ամենամեծ երկնային բեմադրությունն է, որին ես և իմ դուստրը նույնպես մասնակից ենք: