Логотип
12.05.2006
Բառի նշանակությունը
Ես չգիտեմ, չեմ հիշում երբ է իմ մեջ արմատավորվել սովորություն, մտածելակերպ, որ հատուկ ուշադրություն եմ հատկացնում բառի նշանակությանը: Նույնիսկ ամենաարագ ու հապճեպ զրույցների ժամանակ իմ ուշադրությունից չի վրիպում որևե բառ, որի իմաստը ինձ հետաքրքրում է : Թերևս հիշում եմ մի դեպք, որ կարող էր նպաստել իմ այդ սովորության, եթե ոչ առաջացմանը, ապա խթանելուն: 1973 թ. Էր, մեր ֆուտբոլի ոսկե տարին, ընտանիքով Արարատի խաղն էինք նայում: Երբ Իշտոյանը խփեց իր փառաբան գոլը, մեր թաղը (պայթեց)... Էդ ժշխորի մեջ, որին և մասնակցում էր Նիկոլաի Օզեռովի ձայնը, մինչև վերջ բարձրացրած հեռուստացույցի ձայնով, ես հանկարծ լսեցի հորս ձայնը. - Ի՛նչ գեղեցիկ խոսք է, վելիկոլեպնո: - Ես անմիջապես չհասկացա ինչի մասին է հայրս ասում, բայց հիշելով Օզեռովի խոսքերը, Իշտոյանի գոլի մասին (какой великолепный гол) հասկացա բանն ինչում է: Ճիշտն ասած այն ժամանակ ես մի տեսակ զարմացա հորս վրա, մի անհաշտ զարմանքով: Ասեցի, պա ջան մենք բոլորս չգիտենք ինչ անենք ուրախությունից, որ գոլ ենք խփել, դու ասում էս ի՛նչ գեղեցիկ բառ է: Հայրս ժպտաց: Ես իհարկե, հասկացա հորս ժպիտի իմաստը, բայց այն տարիքս էր, երբ ինքնահաստատումը ստեղծում է հազար ու մի երանգներ ամենասովորական հասկացությունները ընդունելու, հասկանալու ու կիրառելու համար: Մոտ երկու երեք տարի անցել էր այդ դեպքից, ես արդեն բարձր դասարանի աշակերտ էի: Տղաների հետ, երեք հոգով, դպրոցի միջանցքով քայլում էինք, մեր առջևից քայլում էր դպրոցի ուսմասվարը, պարոն Հլղատյանը: Երբ մի քիչ էլ մոտեցանք պարոն Հլղատյանին, ես ամենեվին կասկած չտանելով, որ նա կարող է լսել մեր խոսակցությունները, տղաներին ասացի. Ծո՛, նայես սրա ազգանունը ընչե՞ Հլղաթյան, վայթե հղի՛ է: Հլղատյանը կտրուկ շրջվեց, ես գլուխս կախեցի, իսկ պարոն Հլղատյանը սկսեց բավարարել իմ հետաքրքրությունը: - Բայց դու ի՛նչ այլասերված տիպն էս: - Ախր որտեղից իմանար պարոն Հլղատյանը, որ ինձ իրոք հետաքրքրում էր իր ազգանվան ծագումը, նշանակությունը, ինչպես ասում են, դե արի ապացուցիր, որ դու ուղտ չես: Թերևս մի ապացույց կա, ուղտը նման գռեհիկ արտահայտություններ չի անում, գոնե չի խոսում՝: